Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել են լեռնահետախուզական և հանքարդյունաբերական աշխատանքներ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում գտնվող չշահագործվող հանքախորշերից Վարդենիս քաղաքի բնակիչներ Լ.Ա.-ն, Կ.Մ.-ն և Հ.Մ.-ն ձեռքի հորատման գործիքների միջոցով ապօրինի իրականացրել են լեռնահետախուզական և հանքարդյունահանման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:
«Դեպքի վայրում՝ խմելու ջրի ակունքից որոշակի հեռավորության վրա, հայտնաբերվել և առգրավվել են հագուստ, տարբեր շինարարական գործիքներ, պայթուցիկ նյութեր, պարկերով լցված հանքաքարեր:
Քրեական վարույթով կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ քննիչի միջնորդությունների հիման վրա հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Կ.Մ.-ի, Հ.Մ.-ի և Լ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով (ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) և 383-րդ հոդվածի 1-ին մասով (ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելը):
Նրանցից մեկը կալանավորվել է:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում: