ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանել է, թե ինչու է հետաձգվել ԵՄ հետ վիզաների ազատականացման ժամկետը, որի մասին նախընտրական շրջանում հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
2026 թ․ մայիսին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, Շիրակի մարզի Մարալիկ համայնքում Փաշինյանը հայտարարել է, որ «ամենաուշը երկու տարուց մենք կունենանք Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացված վիճակ»։
Սակայն խորհրդարանական ընտրություններից հետո՝ 2026 թվականի օգոստոսին, Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանը նախատեսում են հասնել 2029 թվականի ընթացքում։
Լրատվամիջոցը գրավոր հարցմամբ վարչապետի աշխատակազմից պարզաբանում էր խնդրել, թե ինչով է պայմանավորված, որ ընտրություններից երեք ամիս անց վիզաների ազատականացման ժամկետները ոչ միայն չեն կրճատվել, այլև, հակառակը, երկարաձգվել են 0․5-1․5 տարով։
Կառավարությունը որոշակի ուշացումով պատասխանել է, որ Հայաստանն այս պահին միակ պետությունն է, որի հետ ԵՄ-ն վիզաների ազատականացման հարցով ակտիվ երկխոսություն է վարում։
«2029 թվականը ՀՀ կառավարության կողմից ստանձնած քաղաքական հանձնառությունն է և մեզ համար սահմանված վերջնաժամկետը։ Կառավարության 2026-2031 թթ. ծրագրի ներկայացման փուլում 2029 թվականին ամբողջ ծավալով կատարումը գնահատվել է իրատեսական», – նշված է վարչապետի աշխատակազմի պատասխանում։
Վարչապետի աշխատակազմը նաև հայտնել է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է տարբեր միջոցառումների իրականացման տեմպերի վերաբերյալ գնահատումներ ու վերագնահատումներ կատարել, քանի որ նախատեսված աշխատանքները բազմաշերտ և բազմոլորտ բնույթ ունեն։ Ժամկետների վերաբերյալ ակնկալիքների հստակեցմանը զգալիորեն նպաստել են նաև ԵՄ գնահատման առաքելությունները, որոնց այցելությունները Հայաստան շարունակական են լինելու։
«Մեր նպատակն է ոչ միայն պահպանել այդ ժամկետը, այլև հնարավորության դեպքում անհրաժեշտ գործողություններն իրականացնել ավելի կարճ ժամանակահատվածում՝ ՀՀ քաղաքացիներին տալով ազատ վիզային ռեժիմով Եվրոպական Միություն մեկնելու հնարավորություն»,–նշված է պատասխանում։
Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսությունը մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերին։ 2025 թվականին Եվրոպական հանձնաժողովը Երևանին տրամադրել է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Այն ներառել է 74 հենանիշ (benchmark), որոնք բաշխվել են չորս հիմնական ուղղություններով՝ փաստաթղթերի անվտանգություն՝ ներառյալ կենսաչափական համակարգը, սահմանների համալիր կառավարում, միգրացիայի կառավարում և ապաստան, հասարակական կարգ ու անվտանգություն, այդ թվում՝ կազմակերպված հանցավորության, թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կոռուպցիայի դեմ պայքար, ինչպես նաև արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ։
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ավելի վաղ հայտնել է Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված նշանակալի առաջընթացի մասին։