«Եթե թոշակը 1000 դրամով են բարձրացնում, թող նախարարների աշխատավարձն էլ 1000 դրամով բարձրացնեն»․ Մեսրոպ Առաքելյան

«Ի՞նչ կապ ունի հանգուցյալի հարազատներին տրվող մահվան նպաստը թոշակների հետ։ Այդ նույն տրամաբանությամբ կարող են մահվան հարկ սահմանել․ եթե մարդիկ մահանում են, հարկ վճարեն, ու այդ գումարներով սկսեն թոշակները բարձրացնել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով մահացած անձի հարազատներին տրվող 200 հազար դրամի թաղման նպաստը կրճատելու հաշվին հունվարի 1-ից թոշակները 1000 դրամով բարձրացնելու կառավարության նախաձեռնությանը։

Ըստ նախկին նախարարի՝ եթե թվարկենք, թե որքան անիմաստ և ոչ առաջնահերթ ծախսեր են իրականացվում, ապա կտեսնենք, որ այդ նույն հունվարի 1-ից բարձրացվում են նաև պետական ծառայողների աշխատավարձերը։

«Կարևոր արձանագրում անենք՝ բյուջեում չկա որևէ ծախս, որը կապված է մեկ այլ ծախսի հետ։ Բյուջեն ընդհանուր է։ Թող հեքիաթներ չպատմեն, թե թոշակների բարձրացումը պետք է իրականացվի միայն մեկ այլ սոցիալական ծախսի հաշվին։ Թոշակների բարձրացումը կարող է և պետք է արվի բազմաթիվ այլ անտրամաբանական ծախսերի կրճատման հաշվին։

Առաջինը՝ երկիրը կործանման տանող և ոչինչ չանող պաշտոնյաների բարձր աշխատավարձերն ու պարգևավճարներն են, հազարավոր անիմաստ ծրագրերը, որոնց վրա շատ ավելի մեծ գումարներ են ծախսվում, քան այս փոքր սոցիալական ծրագրերի դեպքում»,- նշեց Առաքելյանը։

Նա կարծում է, որ տեսականորեն կարելի է ասել, որ թաղման նպաստ ստացող որոշ մարդիկ սոցիալապես ապահովված են և այդ աջակցության անհրաժեշտությունը չունեն, սակայն, ըստ նրա, ամեն ինչ չպետք է կապել միայն սոցիալական վիճակի հետ։

«Հիմա սա սոցիալական ծրագիր է, որն ընդունված է։ Այդ տեսանկյունից դրա կրճատման տրամաբանությունը հաստատ առաջնահերթ չէ։ Բազմաթիվ այլ ծրագրեր կան, որոնց կրճատումից պետք է սկսել»,- ասաց նախկին նախարարը:

Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք 1000 դրամի բարձրացումը որևէ կերպ կփոխի՞ թոշակառուի կյանքի պայմանները՝ հաշվի առնելով երկրում արագ տեմպերով աճող գները։ Ի պատասխան՝ Առաքելյանն ասաց.

«Եթե իրենց տրամաբանությամբ այդ 1000 դրամը կարևոր իրադարձություն է, էլի խոսենք իրենց աշխատավարձերի մասին։ Եթե նախարարները ստանում են ավելի քան մեկ միլիոն դրամ, թող իրենց աշխատավարձն էլ 1000 դրամով բարձրացնեն։

Առկա գնաճի պայմաններում, օրինակ՝ սննդամթերքի դեպքում, միայն պաշտոնական տվյալներով միշտ 15 տոկոս գնաճ ենք արձանագրում։ Եթե նայում ենք այսօր միջին թոշակի չափին, ապա բավականին մեծ գումար է դառնում։ Այդ տեսանկյունից առկա թոշակը, նույնիսկ վերջին բարձրացումների ֆոնին, շարունակում է մնալ բավականին ցածր և թոշակառուներին հնարավորություն չի տալիս հոգալ իրենց ծախսերը»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment