Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Տիրոջ զորությամբ ապրող Եկեղեցու հոգևոր ընթացքը, իսկ աղոթքը չի կարող կալանավորվել․ Տեր Վրթանես

Բյուրականի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը շեշտում է՝ աշխարհիկ իշխանությունների ստեղծած արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Հայ Աառաքելական Եկեղեցու հոգևոր ընթացքը․

 

«Արագածոտնի թեմի հոգևոր կյանքը շուրջ մեկ տարի կանգնած է եղել մի շարք լուրջ խոչընդոտների առջև։ Թեմի Առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ազատությունից զրկվելու հետևանքով շուրջ մեկ տարի Թեմում չեն կատարվել եկեղեցիների և խաչքարերի օծումներ, ձեռնադրություններ և այլ կարևոր հոգևոր-եկեղեցական արարողություններ՝ էականորեն սահմանափակելով Թեմի բնականոն հոգևոր ընթացքը։

 

Սակայն Եկեղեցին ապրում է իր Տիրոջ զորությամբ, իսկ աղոթքը չի կարող կալանավորվել։

 

Հոկտեմբերի 3-ին Արագածոտնի թեմի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցում, Թեմի հոգևոր տեսուչ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի հանդիսապետությամբ, կատարվեց համաթեմական ժամերգություն։

 

Միասնական աղոթքին ներկա էին Արագածոտնի թեմի հոգևոր դասի ներկայացուցիչները, Ղազարավանի վանքի միանձնուհիները և բազմաթիվ հավատացյալներ։ Հավաքվել էին ոչ միայն միասին աղոթելու, այլև վկայելու, որ փորձությունների մեջ գտնվող Եկեղեցու զավակները շարունակում են մնալ մեկ հավատքի, մեկ աղոթքի և մեկ եկեղեցական ընտանիքի մեջ։

 

Ներկաներին իր հայրական օրհնությունը փոխանցեց ենթաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Մուշեն։ Իր խոսքում Տեր Հայրը հիշեց, որ Երնջատափի Սուրբ Նշան եկեղեցին վերջին եկեղեցին էր, որը մինչև իր կալանավորումը օծվել էր Սրբազան Հոր՝ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձեռամբ։

 

Այս հիշողությունը դարձավ առավել քան խորհրդանշական․ այն վկայում է, որ այն ծառայությունը, որ Սրբազան Հայրը կատարում էր ի փառս Աստծո և ի շինություն Իր Եկեղեցու, շարունակում է իր հոգևոր արձագանքը հավատացյալների սրտերում։

 

Տեր Մուշեն իր խոսքում լիարժեք ազատություն մաղթեց Սրբազան Հորը և իր հայրական օրհնությունը փոխանցեց բոլոր ներկաներին։

 

Այսօր ևս Արագածոտնի թեմը միասնական աղոթքով վկայում է, որ վարչական կամ այլ արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Եկեղեցու հոգևոր ընթացքը։ Եկեղեցին շարունակում է աղոթել, ծառայել և իր զավակներին համախմբել Քրիստոսի շուրջ։

 

Թող Տերը Իր ամենազոր Աջով պահապան լինի Արագածոտնի թեմին, զորացնի թեմի հոգևոր դասին ու հավատացյալ ժողովրդին և շուտափույթ ազատություն պարգևի Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին։

 

«Արդարների աղոթքը շատ ազդեցիկ է իր ներգործությամբ» (Հակոբոս 5․16)։

 

Թող մեր միասնական աղոթքը բարձրանա առ Աստված՝ ի զորություն Եկեղեցու, ի պայծառություն Արագածոտնի թեմի և ի ազատություն մեր Սրբազան Առաջնորդի»։

Leave a comment