Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատել է օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին Կիևը լքելու իր խորհուրդը, ասվում է նախարարության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Նախարարությունն ընդգծել է, որ ռուսական զինված ուժերը շարունակում են համակարգված, երկարատև հարվածներ հասցնել Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում գտնվող ռազմական թիրախներին՝ ի պատասխան Ուկրաինայի զինված ուժերի (ԶՈՒ) կողմից ռուսական քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների և քաղաքացիական բնակչության դեմ ահաբեկչական գործողությունների։
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը կշարունակեն զանգվածային պատասխան հարվածներ հասցնել։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կրկին զգուշացնում է օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում՝ դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներին, չմնալ Ուկրաինայում կամ չճանապարհորդել նրա տարածք», – ասվում է հայտարարության մեջ։
Նախարարությունը նշել է, որ ցանկացած հնարավոր բացասական հետևանքների պատասխանատվությունը «ամբողջությամբ ընկնում է նրանց վրա, ովքեր անտեսում են այս նախազգուշացումը»։
Նախարարությունը հիշեցրել է, որ դեռևս մայիսին ռուսական կողմը կոչ էր արել Կիևում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել քաղաքը և խուսափել Ուկրաինա այցելելուց, խորհուրդ տվել տեղի բնակիչներին հեռու մնալ ռազմական և վարչական ենթակառուցվածքներից։ Այս մասին նախազգուշացումները փոխանցվել են նաև դիվանագիտական նոտաներով օտարերկրյա գործընկերներին և փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարության մեջ։