Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքի փորձագետներն անդրադարձել են Գանձասարի դեպքում Բաքվի գործելակերպին՝ նշեով, որ այն դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորում, երբ հուշարձանի պատմության վերաձևակերպումը ծառայեցնում է որոշակի ազգային-պատմական նարատիվի ձևավորմանն ու տարածմանը:
Նրանք նդրադարձել են Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագներից մեկին՝ «Բ. Ներսես Հասան Ջալալյանցի տապանաքարը» թեմային։
Նշվում է, որ հուշարձանի պատմության, վիմագրերի, լեզվի և մշակութային պատկանելության վերաբերյալ չհիմնավորված պնդումների պետական տարածումը կարող է խաթարել դրա իսկության և պատմական արժեքների արժանահավատ ներկայացումը:
«Ադրբեջանում հավատարմագրված 58 երկրի և 9 միջազգային կազմակերպության ներկայացուցիչներից բաղկացած մոտ 150 հոգանոց պատվիրակության այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և ոմն «մասնագետ» Ռազմովարը Գանձասարի վանական համալիրի բակում գտնվող Ներսես Հասան Ջալալյանցի տապանաքարը ներկայացնում որպես աղվանական։
Չենք մեջբերի կիսագրագետ և պահի տակ հնարած երևակայությունները: Մեկ Ներսեսի անունը Գասան Ջալալ է, մեկ Ալահվերդի, մեկ Ալահվերդի օղլու, կամ էլ Ալահվերդիբեկովիչը ազգանուն է, այն էլ թուրքական, կամ էլ նա 13-րդ դարի առաջին կեսում ապրած Հասան Ջալալի թոռն է: Ուշագրավ է, որ Հաջիևը ձեռքը դնում է Ներսես անվան վրա, բայց այդպես էլ չի տեսնում և չի ընթերցում այն:
Ներսեսի տապանաքարը պատկանում է 19-րդ դարի կեսերից Արցախում տարածված խաչակիր բարդ կառույցների թվին՝ բաղկացած լայն խարսխից, պատվանդանից, քառակող սյունից, երկաստիճան խոյակից և նրա վրա ամրացված թևավոր խաչից: Նման տապանաքարերն Արցախում տարածվել են ռուսական համանման կոթողների ազդեցությամբ և Արցախի համարյա բոլոր գերզմանոցներում, ներառյալ Գանձասարինը, կան օրինակներ:
Հիմնական արձանագրությունը փորագրված է սյան արևմտյան կողին ուղղանկյուն շրջանակի մեջ: Այն ռուսերեն է և հայտնում է. «Доктор меди/цины Берлинс/кого Универс/итета Гасан-Джа/лалянц Нер/сес Алахвер/дибекович/ (1/1 1886-1/V 1911»: Արձանագրությունից կարելի է հասկանալ, որ Ներսեսը վախճանվել է երիտասարդ հասակում, երևի համալսարանը հազիվ ավարտած: Տապանաքարի խարսխի վրա, հյուսիսային կողին կա հայերեն արձանագրություն, որը հայտնում է կոթողի վերանորոգման մասին: Մոտ 17-րդ դարից ի վեր Ջալալյանց ձևը Հասան Ջալալի հետնորդների տոհմական ազգանուն էր, ստեղծված Ջալալ անձնանվան և եանց ազգանվանական վերջածանցով, որը հայ իշխանական տների համար սովորական էր սկսած հայ գրի կիրառման սկզբից: Նույնը կարել է ասել Ներսես անձնանվան մասին, որը հայերի մեջ կիրառվում է 5-րդ դարից ի վեր և տարածված անուն էր նաև Արցախում, ներառյալ նաև Աղվանից կաթողիկոսների անվանաշարքը: Հայրանվան օգտագործումը նույնպես որևէ սենսացիայի հիմք չի տալիս: Ալավերդի են կոչվել նաև Խաչենի մի քանի հայ մելիքներ: Եվ մեր երիտասարդի հայրը գուցե դրանց շառավիղներից մեկն է:
Այսպիսով մեր առաջ արցախցի մի երիտասարդի տապանաքար է, որ հազիվ թե լսած լինի Աղվանքի մասին: Ցավոք մեր երիտասարդի մասին այլ տեղեկություններ չկան: Վանք գյուղում պատմում էին, որ երիտասարդը եկել էր պայքարելու տիֆի դեմ, վարակվել ևմահացել: Միայն հավանական կարելի է համարել, որ մինչև համալսարան ընդունվելը նա իր կրթությունը ստացած կլիներ Շուշիի ռեալական ուսումնարանում, ուր ուսուցումը տարվում էր ռուսերեն»,-ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ, յսպիսով, Գանձասարի բակում հայ երիտասարդի հուշարձանի և դրա հետ կապված հայկական պատմամշակութային համատեքստը վերածվում է անձնանունների և ազգանունների ոչ մասնագիտական, կենցաղային մեկնաբանությունների միջոցով պատմական ինքնության վերաձևակերպման փորձի։ Առավել խնդրահարույց է այն հանգամանքը, որ նման մեկնաբանությունները ներկայացվում են օտարերկրյա դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։
«Միջազգային ժառանգության իրավունքի տեսանկյունից նման ներկայացումները ժառանգության ինքնության խեղաթյուրում են: 1972 թվականի UNESCO-ի Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի 4-րդ և 5-րդ հոդվածները պետություններից պահանջում են ապահովել մշակութային ժառանգության նույնականացումը, պաշտպանությունը, պահպանումը, ներկայացումը և ապագա սերունդներին փոխանցումը։ Այս շրջանակում Նարայի փաստաթուղթը մշակութային ժառանգության իսկությունը կապում է դրա արժեքների արժանահավատ և ճշմարտացի ներկայացման հետ՝ հաշվի առնելով, այդ թվում, նյութը, ձևը, գործառույթը, ավանդույթները, տեղադրությունը և լեզուն։ 2005 թվականի UNESCO-ի Կոնվենցիան ամրագրում է մշակույթների հավասար արժանապատվության և հարգանքի, ինչպես նաև մշակութային բազմազանության պահպանման սկզբունքները, իսկ 2003 թվականի Կոնվենցիան շեշտում է ժառանգության փոխանցումը սերունդների միջև և դրա կապը համայնքների ինքնության ու շարունակականության հետ։ Հետևաբար, հուշարձանի պատմության, վիմագրերի, լեզվի և մշակութային պատկանելության վերաբերյալ չհիմնավորված պնդումների պետական տարածումը կարող է խաթարել դրա իսկության և պատմական արժեքների արժանահավատ ներկայացումը»,-ասվում է հրապարակման մեջ:
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներիի համար շրջայց են կազմակերպել Արցախի տարածքներում: Հաջիևը Գանձասարն ու Դադիվանքը ներկայացրել է որպես աղվանական:
Այցին մասնակցել է նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, որը հաջորդ օրը Երևանում, Մատենադարան այցից հետո, հայտարարել է, որ չի վիճարկում Ղարաբաղի՝ «նախկին հակամարտությունից տուժած շրջաններում հայկական ներկայությունն ու հարուստ հետքը»: