Ֆրանսիայում աշակերտների բողոքի ակցիաների սկզբից ավելի քան 5000 մարդ է ձերբակալվել։ Այդ մասին հոկտեմբերի 2-ին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։
Նրա ներկայացրած տվյալներով՝ ձերբակալվածների մոտ 85 տոկոսն անչափահասներ են եղել, որոնց մեծ մասը՝ դպրոցականներ։ Ֆրանսիայի կրթության նախարարությունը հայտնել է, որ գործադուլներն ու շրջափակումներն ընդգրկել են երկրի 3700 ավագ դպրոցներից 564-ը, գրում է Deutsche Welle-ն:
Անկարգությունների հետևանքով վնասվածքներ են ստացել դպրոցների 65 աշխատակից, այդ թվում՝ 40 տնօրեն, իսկ ավելի քան հարյուր դպրոցական շենքեր վնասվել են։ Այս տվյալները BFMTV-ի եթերում ներկայացրել է կրթության նախարար Էդուար Ժեֆրեն։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը բողոքի ակցիաների ծավալը նշանակալի և անսպասելի է անվանել՝ դրանց տարածումը, մասնավորապես, կապելով սոցիալական ցանցերի և ձախ պոպուլիստական «Չհնազանդվող Ֆրանսիա» կուսակցության ազդեցության հետ։ Կուսակցությունն աջակցել է աշակերտների ցույցերին։ Նախարարի խոսքով՝ բռնությունների հետ կապված իրավիճակն ամբողջությամբ դուրս է եկել կազմակերպիչների վերահսկողությունից։
Լրատվամիջոցների առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է հայտնվել հոկտեմբերի 2-ին Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Բելֆոր քաղաքում նկարահանված տեսանյութը։ Դրանում ոստիկանության ծառայողին գետնին են տապալել և սկսել ոտքերով հարվածել։ ՆԳ նախարարի տվյալներով՝ հարձակման հետևանքով ոստիկանը կորցրել է գիտակցությունը և հոսպիտալացվել, սակայն ներկայում նրա առողջական վիճակը լուրջ մտահոգություն չի առաջացրել։ Ոստիկանին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։ Բելֆորի դատախազը հայտնել է, որ հետաքննության շրջանակում 17-ամյա դեռահաս է ձերբակալվել, սակայն հարձակման մեջ նրա հնարավոր մասնակցության հանգամանքները դեռ հստակ չեն պարզվել։
Բողոքի առաջին ակցիաները մեկնարկել են սեպտեմբերի 21-ին՝ Փարիզի արվարձան Կրետեյի Սենտ-Էքզյուպերիի լիցեյում, ապա կարճ ժամանակում տարածվել են ամբողջ երկրով մեկ։ Ավագ դասարանների աշակերտները դժգոհություն են հայտնել գերբեռնված դասարաններից, ուսուցիչների պակասից, կրթական հաստատությունների վատ վիճակից և, իրենց գնահատմամբ, չափազանց ծանրաբեռնված դասացուցակից։
Որոշ խոշոր քաղաքներում բողոքի գործողությունները վերաճել են ոստիկանության հետ բախումների։ Առանձին դեպքերում ցուցարարներն օգտագործել են հրկիզող խառնուրդով շշեր և քարեր, իսկ ոստիկանությունն ի պատասխան կիրառել է արցունքաբեր գազ։