Միքայել Նահապետյան․ Փաստորեն Ադրբեջանի բանակի ամենափնթի, ամենաճնշված, պրոբլեմներ ունեցող զինվորը ՀՀ սահմանապահ ուժերին, ԱԱԾ-ին, ոստիկանությանը և բոլորին իրար հետ վերցրած կարողացել է երեք-չորս օր գերազանցել․ «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանն է:

– Ձեր ֆեյսբուքյան էջում գրել էիք, որ մենք որպես պետություն բավականին թանկ ենք վճարում մեր բարձրաստիճան պաշտոնյաներին, օրինակ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը Իսպանիայի Պաշտպանության նախարարի չափ աշխատավարձ է ստանում, սակայն Հայաստանի անվտանգության որակը հավասարազոր է Հարավային Սուդանի անվտանգության որակին: Այսօր տեղեկացանք, որ ադրբեջանցի զինծառայողի կողմից հարձակման ենթարկված հայ կինը կորցրել է իր երեք մատը: Ի՞նչ իրավիճակ է Ձեր գնահատմամբ, ինչո՞ւ է Հայաստանի անվտանգությունն այս աստիճան անմխիթար ու բարձիթողի վիճակում:

– Գործ ունենք հանցավոր անգործության հետ: Մեր երկրում հացավոր անգործության մթնոլորտ է տիրում, իսկ պատվախնդրությունը իսպառ բացակայում է: Կատեգորիկ անընդունակ են այս մարդիկ որևէ աշխատանք կազմակերպելու, և բացարձակ չեն ամաչում այդ ամենից, այդ ամենի հետևանքներից, և իրենց ձախողումներից առհասարակ, և չեն էլ վախենում պատասխանատվությունից: Մեր երկիրն այդ առումով բավականին ծանր վիճակում է գտնվում, որպես հանրություն մենք չենք կարողանում պատասխանատվության ենթարկել մարդկանց, ովքեր արտոնություններից օգտվում են ինչպես աշխարհի ամենահաջողված գործիչները, բայց աշխատում են կատաստրոֆիկ վատ:

– Օրինակ, իշխանական շրջանակներն ասում են, որ ադրբեջանցի զինծառայողը ուղղակի փախել է Ադրբեջանից, քանի որ նրա համար այնտեղ վատ պայմաններ էին ստեղծել, ու պետք չէ մեծ ողբերգություն դարձնել այս ամենը:

– Փաստորեն Ադրբեջանի բանակի ամենափնթի, ամենաճնշված, պրոբլեմներ ունեցող զինվորը ՀՀ սահմանապահ ուժերին, ԱԱԾ-ին, Ոստիկանությանը և բոլորին իրար հետ վերցրած կարողացել է երեք-չորս օր գերազանցել, իսկ վերջում կարողացել է հայ քաղաքացու վրա կրակել: Ես այս ամենից հետո առաջարկում եմ, որ Հայաստանի իրավապահ մարմիններում աշխատող պաշտոնյաները հանեն ու մի կողմ շպրտեն իրենց ուսադիրները, և գնան հանձնվեն այլ պետության: Ի՞նչ է նշանակում այնտեղ վատ է եղել, սահմանը հատել է, դրանից ի՞նչ է փոխվում, մեր իրավիճակը ինչո՞վ է լավանում:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment