«Հայաստան» դաշինքը Օհանյանի կալանավորումը կապում է Վանաձորում սպասվող ընտրությունների հետ

Բաժանորդագրվել

Դաշինքի գնահատմամբ` իրավապահ համակարգը կրկին օգտագործվում է որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik․ «Հայաստան» դաշինքը Վանաձորի իր ներկայացուցիչ Արթուր Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը որակում է քաղաքական և վստահություն հայտնում, որ դրա ժամանակը պատահական չէ ընտրված։ Այս մասին ասվում է դաշինքի տարածած հայտարարության մեջ։
Նշենք, որ «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավորի նախկին թեկնածու Արթուր Օհանյանը գիշերը կալանավորվեց մեկ ամսով։

«Հետապնդման ժամանակը պատահական չէ։ Այն սկսվել է Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմինների սպասվող ընտրություններից առաջ։ Արթուր Օհանյանը վանաձորցի է, որն իր գործունեությամբ վաստակել է համաքաղաքացիների հարգանքն ու վստահությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

«Հայաստան» դաշինքը պնդում է, որ իշխանությունը փորձում է ընտրություններից առաջ (Վանաձորում ՏԻՄ ընտրությունների օրը դեռ հայտնի չէ. իշխանությունները քննարկում էին քվեարկությունը 2026 թվականի դեկտեմբերին կամ 2027 թվականի հունվարին անցկացնելու հնարավորությունը) չեզոքացնել Վանաձորում հեղինակություն ունեցող ընդդիմադիր գործչին և վախի մթնոլորտ ստեղծել նրա համակիրների շրջանում։

Դաշինքը հիշեցրել է նաև 2021 թվականի Վանաձորի ՏԻՄ ընտրություններին հաջորդած իրադարձությունները՝ հայտարարելով, որ իրավապահ համակարգը կրկին օգտագործվում է որպես քաղաքական պայքարի գործիք։

«Իրավապահ համակարգը կրկին օգտագործվում է որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք։ Չկարողանալով հաղթել քաղաքական պայքարում՝ իշխանությունը դիմում է քրեական գործերի»,- ասված է հայտարարությունում։

«Հայաստան» դաշինքը պահանջել է անհապաղ դադարեցնել Օհանյանի նկատմամբ, իրենց գնահատմամբ, քաղաքական դրդապատճառներով իրականացվող հետապնդումը և կոչ է արել իրավապաշտպան ու միջազգային կառույցներին, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին գնահատական տալ նախընտրական շրջանում ընդդիմության նկատմամբ ճնշումների վերաբերյալ իր պնդումներին։

«Ոչ մի քրեական գործ չի կոտրի վանաձորցիների կամքը։ Վանաձորի իշխանությունը պետք է որոշեն վանաձորցիները, ոչ թե քննչական մարմինները»,- եզրափակել է դաշինքը։

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավորի նախկին թեկնածու Արթուր Օհանյանը հոկտեմբերի 2–ին ձերբակալվել է ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում։

Leave a comment