Ադրբեջանում իշխող կուսակցության համագումարի ընթացքում ունեցած ելույթում Իլհամ Ալիեւը, ըստ էության, սպառնալիք է ուղղել Նիկոլ Փաշինյանին։ Մասնավորապես, նա հայտարարել է, թե Հայաստանի «նախկին իշխանությունը» իհարկե հանցագործ է եւ պետք է պատիժ կրի, բայց ճիշտ չէ միայն նախկինին մեղադրելը։ «Հայաստանի ներկայիս իշխանությունները տարածքային պահանջներ են ներկայացրել մեզ, փորձել են վիրավորել ադրբեջանական ժողովրդին, իրենց անտեղի և անհիմն հայտարարություններով շոշափել են ադրբեջանական ժողովրդի արժանապատվությունը», հայտարարել է նաեւ` ասելով, թե ադրբեջանական ժողովուրդը դա չպետք է մոռանա։
Ի՞նչ է խայթել Իլհամ Ալիեւին, որ նա հանկարծ որոշել է խայթել Նիկոլ Փաշինյանին` նրան մեղադրելով ադրբեջանցիների արժանապատվությունն իբրեւ թե վիրավորելու համար, եւ ասելով, թե դա մոռանալու բան չէ։ Թե՞ այդպիսով սպառնալով Նիկոլ Փաշինյանին, Իլհամ Ալիեւը նրանից պահանջում է առավել համառ ու առավել ակտիվ լինել հայ ժողովրդի արժանապատվության չեզոքացման գործում։ Առավել եւս, որ նրա օգնական Հաջիեւն էլ հայտարարել է, թե Հայաստանի իշխանությունը պետք է առավել «ակտիվացնի հասարակությանը խաղաղության պատրաստելը»։
Բաքուն ակնհայտորեն ինչ-որ կասկածներ ունի Փաշինյանի կապակցությամբ։ Սա չի նշանակում, թե կասկածում են, որ նա խաբում կամ մոլորեցնում է իրենց, կամ փափուկ բարձ դնում գլխի տակ։ Հնարավոր է, որ կասկածում են, թե Փաշինյանը կարող է մինչեւ վերջ հասցնել Հայաստանի ենթակայեցումը Ադրբեջանի պահանջներին ու հեռահար ռազմավարական նպատակներին։ Ընդ որում, Ադրբեջանի կասկածներն ի հայտ եկան Հայաստանի խորհրդարանի ընտրությունից անմիջապես հետո, ինչն էլ արտահայտվեց մեկ շաբաթ անց՝ ընտրության պաշտոնական արդյունքի հրապարակումից ժամեր առաջ Հաջիեւի՝ Հայաստան կատարած այցի տեսքով։
Մյուս կողմից չի բացառվում, որ Ադրբեջանն ինքն է ցայտնոտի մեջ։ Այսինքն, կան ուժային կենտրոններ, որոնք կասկածում են հենց Ադրբեջանին։ Օրինակ՝ եվրոպացիները, որոնք բավականին ջանք գործադրեցին Արցախը «բրյուսելյան սկուտեղի» վրա Ալիեւին մատուցելու համար, սակայն ներկայումս գոհ չեն Ադրբեջանի «երախտագիտության» աստիճանից։ Եվրոպան ապրում է բավականին բարդ էներգետիկ եւ ֆինանսական փուլ, եւ գուցե Ադրբեջանից ակնկալում է ավելին, քան ներկայումս տալիս է Բաքուն։ Հնարավոր է, որ Ալիեւն էլ սրելով Հայաստանի ուղղությամբ հռետորաբանությունը, սպառնում է շուռ տալ այն սեղանը, որ հետեւողականորեն գցել է Եվրոպան անցնող երեք-չորս տարիների ընթացքում։
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: