Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության աղոթքի երկրորդ նախաճաշի շրջանակում կազմակերպված պաշտոնական ընթրիքին։
Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանից և արտերկրից բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, գործարար և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ։
Մասնավորապես, միջոցառմանը մասնակցել և ելույթներով հանդես են եկել ԱՄՆ պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով պետքարտուղարի օգնական Ռիլեյ Բարնսը, ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հարցերով հանձնաժողովի ղեկավար Ասիֆ Մահմուդը, «Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Սարգսյանը։ Ընթրիքը մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկե Հայոց առաջնորդ Տեր Գևորգ Արքեպիսկոպոս Նորատունկյանը։
Վարչապետ Փաշինյանը նույնպես ելույթ է ունեցել և ողջունել ներկաներին։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր ընկալմամբ՝ սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու և պատմելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների և պատմությունների մասին։
Երկրի ղեկավարն անդրադարձել է 2024 թվականի փետրվարին ԱՄՆ կատարած այցին, Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցությանը և Սպիտակ տանն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ ունեցած չպլանավորված հանդիպմանը։ Ըստ վարչապետի՝ հանդիպման ժամանակ ամերիկացի գործընկերները հետաքրքրվել են, թե որքանով է իրատեսական տարածաշրջանում խաղաղության հաստատումը։ Նա պատասխանել է, որ չի կարող ասել, թե որքանով է դա իրատեսական, սակայն կարող է ասել, որ հավատում է խաղաղությանը։
Երկրի ղեկավարի դիտարկմամբ՝ այդ խոսակցությունը հետագայում շատ կարևոր ազդեցություն է ունեցել իրադարձությունների զարգացման վրա։ Վարչապետն ընդգծել է նաև խաղաղության հասնելու ճանապարհին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը․ «Առանց նրա անձնական ներգրավվածության և անձնական ներդրման, մենք չէինք կարող անցնել այդ ճանապարհը, և սա շատ կարևոր է»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որքան էլ դժվար լինեն փորձություններն ու դժվարությունները՝ չպետք է հուսահատվել, որովհետև հուսահատվել նշանակում է չհավատալ Աստծուն, իսկ հավատալ Աստծուն նշանակում է չհուսահատվել։ Վարչապետի խոսքով՝ դժվարությունները նա հաղթահարել է մի պարզ պատճառով՝ հավատում է Աստծուն։
Նիկոլ Փաշինյանն իր խոսքն ամփոփել է 29-րդ Սաղմոսով, որը կոչվում է Շնորհակալության աղոթք։
Հայաստանի Հանրապետության աղոթքի նախաճաշը (RAPB) միջազգային, անկախ և քաղաքացիական հասարակության կողմից նախաձեռնված երկօրյա միջոցառում է, որը նվիրված է աղոթքին, հավատքին, առաջնորդությանը, կրոնական ազատությանը, խաղաղությանը և Հայաստանի ապագային։ Միջոցառումը նաև հարթակ է տարբեր քաղաքական, ազգային, դավանաբանական և կրոնական շրջանակների ներկայացուցիչների միջև երկխոսության և համագործակցության համար։