Մոմավառություն՝ ի հիշատակ կնասպանության հետևանքով կյանքը կորցրած կանանց

2011 թվականից ի վեր ամեն տարի անցկացվող ավանդույթի համաձայն՝ այս տարի ևս, հոկտեմբերի 1-ին՝ Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը, Կարապի լճի տարածքում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ի նախաձեռնությամբ և Հայաստանում Կանանց հիմնադրամի աջակցությամբ տեղի ունեցավ մոմավառություն՝ ի հիշատակ կնասպանության հետևանքով կյանքը կորցրած կանանց։

Միջոցառմանը միացել էին ինչպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ու համախոհներ, այնպես էլ պատահական անցորդներ, ովքեր վառեցին իրենց մոմը՝ միանալով հիշատակի, իրազեկման և փոփոխության կոչին։

Մոմավառությանը մասնակցեցին նաև Աննա Հակոբյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։

Վառված յուրաքանչյուր մոմ հիշեցում էր այն կանանց մասին, որոնց կյանքն ընդհատվել է բռնության հետևանքով։ Բայց հիշատակը միայն անցյալը հիշելու մասին չէ։ Այն նաև պատասխանատվության, կանխարգելման և այնպիսի հասարակություն ու համակարգեր կառուցելու մասին է, որտեղ բռնությունը չի անտեսվում, իսկ կանայք պաշտպանված են։

Ընտանեկան բռնությունը «ընտանեկան հարց» չէ։ Այն մարդու իրավունքների խախտում է, որի կանխարգելման և արձագանքման համար պատասխանատվություն ունեն և՛ պետությունը, և՛ հասարակությունը։

Թող այս մոմավառությունը հիշեցում լինի ոչ միայն նրանց, ում կորցրել ենք, այլև այն մասին, որ հաջորդ մոմը չվառելու համար պետք է գործել այսօր։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment