Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան շուտով պաշտպանական կոմիտեի հանդիպում կանցկացնեն

Բաժանորդագրվել

Կոմիտեն բաղկացած է յուրաքանչյուր երկրի երեքական ներկայացուցչից։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Առաջիկայում Էր Ռիադում տեղի կունենա Պակիստանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի Ռազմավարական քաղաքական-պաշտպանական կոմիտեի նիստը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իսհակ Դարին։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ռազմավարական քաղաքական-պաշտպանական կոմիտեի նիստը տեղի կունենա առաջիկայում Էր Ռիադում»,-ասուլիսի ժամանակ ասել է Դարը։

Նրա խոսքով՝ Մեքքայի եռակողմ համաձայնագրին համապատասխան ստեղծված կոմիտեն բաղկացած է յուրաքանչյուր երկրի երեքական ներկայացուցչից՝ արտաքին գործերի նախարարներ, պաշտպանության նախարարներ և ցամաքային զորքերի շտաբների պետեր։ Առաջիկա հանդիպմանը կքննարկվեն մասնավորապես Սաուդյան Արաբիայի ուղղությամբ եմենցի հութիների` հաճախակի դարձած հարձակումները։

Մամուլի ասուլիսի ընթացքում Պակիստանի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը առաջիկայում կայցելի Պակիստան՝ հավանաբար նախքան իր լիազորությունների ժամկետի ավարտը։

Համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագիրը 2026 թվականի օգոստոսի 7-ին ստորագրել են Սաուդյան Արաբիան, Պակիստանը և Թուրքիան։ Փաստաթուղթը նախատեսում է, որ մասնակից երկրներից որևէ մեկի վրա զինված հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլոր երեքի վրա։

Leave a comment