«Օրինական ճանապարհով է ձեռք բերված»․ Գյումրու դպրոցի տնօրեններից մեկի մեքենայից զենք է առգրավվել

Aravot.am- տեղեկություններով, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկներից մեկը սեպտեմբերի 22-ին զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ ըստ իր ստացած տեղեկությունների, Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն Արտակ Մարտիրոսյանը իր մոտ ապօրինի զենք է պահում։

Ստացված տեղեկությունները ստուգելիս՝ այդ օր ժամը 22․00-ի սահմաններում Գյումրու Անի թաղամասի սկզբնամասից ոստիկանության Մուշ բաժին է հրավիրվել Ա․ Մարտիրոսյանը։ Նա հայտնել է, որ իր մեքենայի պահոցում ունի մեկ հատ օդաճնշիչ ատրճանակ՝ իր պահունակով՝ լիցքավորված 13 մետաղյա գնդիկներով, և մեկ հատ «Վոլֆ» գրառմամբ սրվակ։

Արտակ Մարտիրոսյանը ոստիկանությանը հայտնել է, որ օդաճնշիչ ատրճանակը պատկանում է իրեն, գնել է մոտ երկու տարի առաջ Տիգրան Մեծ փողոցում գտնվող զենքի մասնագիտացած խանութից, ունի գնման վկայական։

Հայտնաբերվածն ու կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

Aravot.am-ն այս թեմայի շուրջ պարզաբանում ստացավ Արտակ Մարտիրոսյանից։

Նա նշեց, որ իրեն պատկանող օդաճնշիչ ատրճանակը ձեռք է բերել օրինական ճանապարհով, այն գործարանային արտադրության է,  ազատ վաճառքի է դրված զենքի խանութում, ցանկացած չափահաս անձ կարող է այդ տեսակ ատրճանակ ձեռք բերել՝ իր անձնագրով, ՀՀ զենքի մասին օրենքի համաձայն՝ վաճառվում է առանց թույլտվության, խանութն ունի լիցենզիա դա վաճառելու, ինքը գնել է, իրեն տրամադրվել է կտրոն։

Ըստ նրա, այդ կտրոնը կնիքված է, իր նկարն է փակցված, սա հենց զենքը կրելու թույլտվությունն է։ Նա նշեց, որ ինքը ոստիկաններին տրամադրել է կտրոնը, օդամղիչ ատրճանակը ուղարկել են փորձաքննության՝ պարզելու օրինակա՞ն է, թե՞ ոչ, սպասում է փորձաքննության արդյունքներին։

Մեր զրուցակիցը նշեց, որ այն կրելու իրավունք կա քողարկված տարբերակով, մեքենայի մեջ էլ այն փոքրիկ բեռնախցիկում է եղել, երբ պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են իրեն՝ հետաքրքրվելով, թե ձեր մոտ զենք կա՞, հանել է բեռնախցիկից, տրամադրել ու ասել է, որ այն օրինական է։ Իրեն հրավիրել են ոստիկանություն, զենքն առգրավվել են, ինքը տրամադրել է գնման կտրոնը, իրեն ազատ են արձակել, զենքն ուղարկել են փորձաքննություն։

«Ես որևէ ապօրինի արարք ինձ թույլ չեմ տվել, ո՛չ մտածելու բան ունեմ, ո՛չ էլ թաքցնելու, ես օրենքը պահող մարդու ընտանիքում եմ մեծացել, հայրս մոտ 40 տարի ոստիկանության համակարգում է եղել, ես ինքս ինձ օրենքի մարդ եմ համարում, իրավապահները կուսումնասիրեն, կտան իրենց գնահատականը։

Հենց լինեն փորձաքննության արդյունքները, ձեզ անձամբ կտեղեկացնեմ այդ մասին, բայց նորից եմ կրկնում՝ մտահոգվելու որևէ առիթ չունեմ, քանի որ օրինական ճանապարհով, օրինական փաստաթղթով ձեռք բերված օդամղիչ ատրճանակ է, որն ազատ վաճառքի է»,- ասաց Արտակ Մարտիրոսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment