Ռուզան Ստեփանյան. «Մինչ Նիկոլ Փաշինյանը մեր ժողովրդին վախեցնում է պատերազմով, փառք ու պատիվ հայ մորը, հայ կնոջը, որ կարողացել է վնասազերծել զինված ադրբեջանցի ասկյարին»

«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը «Հայելի» ակումբում մտահոգություն հայտնեց մեր անվտանգային համակարգի մասին, որ ադրբեջանցի զինվորը կարողացել է աննկատ ներթափանցել Հայաստանի սուվերեն տարածք, հասնել Շաքի բնակավայր եւ հրազենային վիրավորում հասցնել երեք անչափահաս երեխաների մորը։

«Շատերի մոտ հարց առաջացավ, որ Հայաստանի ԱԱԾ-ն իմացել է, որ երեք օր է, ինչ ադրբեջանցի զինվոր է ներթափանցել Սյունիք, եւ տեղի բնակչությունը դրա մասին չի տեղեկացվել։ Շատ հնարավոր էր, որ դա դիվերսիա լիներ, այդ զինվորը ուղղակի մտներ Երեւան, օրինակ, բուհերից մեկը, որտեղ ուսանողների խիտ ժամ է ու այնտեղ արյան գետեր հոսեին։ Որեւէ մեկը դա չի բացառում։ Եվ այո, Սիսիանի տարածաշրջանի բնակիչների համար անհասկանալի է, թե ինչպես է մտել, հայտնվել այդ կնոջ տանը եւ ինչու իրենք զգուշացված չեն եղել։ Հնարավոր էր, որ այդ ասկյարը գիշերով մտներ հայկական տներ, ընտանիքներ եւ հերթով սպաներ։ Ամեն ինչ հնարավոր է։

Ինչո՞ւ ԱԱԾ-ն չի տեղեկացրել բնակչությանը, ինչպե՞ս է եղել, որ մի քանի օր տեղեկացված լինելով, որ ադրբեջանցի կա Հայաստանում, այդ ադրբեջանցուն չեն կարողացել բռնել; Դա խոսում է իրենց աշխատանքի որակի մասին։

Բայց ես ուզում եմ խոսել նաեւ ադրբեջանական բանակի, իրենց զինվորի որակի մասին։ Այդքան, որ Նիկոլ Փաշինյանը եւ ընդհանրապես, մեր ժողովրդին վախեցնում է՝ բա պատերազմ, բա էս, բա էն, մենք այդ զինվորի դեպքով հասկացանք, որ Ադրբեջանի բանակում այսօր բարոյա-հոգեբանական խարխուլ վիճակ է, որովհետեւ այդպես էլ պարզ չէ, թե ինչու, ինչ հանգամանքներից ելնելով  է այդ տղան դիմել այդ քայլին։ Եվ այն, որ ասում են՝ զինվում, զինվում, զինվում են, փառք ու պատիվ հայ մորը, հայ կնոջը, որ կարողացել է վնասազերծել զինված ադրբեջանցի ասկյարին։ Սա պետք է ցույց տա ադրբեջանցի զինվորին, որ հայ կինը, հայ մայրը, եթե դավաճանված չէ, կարող է վնասազերծել ասկյարին։

Այնպես որ, չգերագնահատենք ադրբեջանական կողմի ամպագոռգոռ հայտարարությունները»,-ասաց հասարակական գործիչը։

Անդրադառնալով փաշինյանական խաղաղությանը՝ տիկին Ստեփանյանն արձանագրեց. «Հիմա կրակելն ադրբեջանցիներին պետք էլ չի։ Ինչի՞ համար կրակեն, երբ Հայաստանի իշխանությունները հլու-հնազանդ իրենց բոլոր պահանջները իրականացնում են։

Նիկոլական մի պատգամավոր կար՝ ասում էր, որ ադրբեջանցիները կրակեն, մենք չենք պատասխանի, որովհետեւ խաղաղություն է։ Երեկվա դեպքը երեւի դրա լավագույն դրսեւորումն էր։ Ադրբեջանցի զինվորները, գուցե, այդպես հերթով, կարգով մտնեն Հայաստան, որովհետեւ գիտեն, որ հրահանգ կա, եւ դա պատգամավորն է ասել, որ կրակոցին կրակոցով չենք պատասխանելու։ Այսինքն, մտնեն ու իրենց սեւ գործն անեն։

Մենք խոսում ենք խաղաղությունից, իսկ Ադրբեջանը 24-ժամյա ռեժիմով փորձում է մեր ազգին զրկել արժանապատվությունից։ Մենք դառնում ենք հիշողություն չունեցող մի զանգված։ Ադրբեջանցիները իրենց երեխաներին կրթում են, որ հայն իրենց թշնամին է, իսկ Երեւանի քաղաքապետարանը շենքերից մեր հերոս տղերքի նկարները մաքրում է, որպեսզի մեր սերունդը չճանաչի ադրբեջանցի ասկյարների դեմ համառ մարտեր մղած մեր տղաներին»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment