Բյուրեղավանում խմելու ջրի որակի լաբորատոր փորձաքննությունները շարունակվում են ամենօրյա ռեժիմով։ Վերջին օրերին շեղումներ չեն հայտնաբերվել, սակայն ամբողջ գործընթացը դեռ չի ավարտվել։ Այդ մասին հրավիրված ասուլիսում հայտնել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
Նրան հարց է ուղղվել, թե ինչով է պայմանավորված Բյուրեղավանի ջրի որակի վերաբերյալ տարբեր կառույցների նմուշառումների արդյունքների հնարավոր անհամապատասխանությունը․ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը խնդիր է արձանագրում, մինչդեռ «Վեոլիա ջրի» հետազոտությամբ այն կարող է չարձանագրվել։
Հարցին, թե նման պայմաններում ինչ ստուգումներ է կատարում ՍԱՏՄ-ն և ինչպես է գնահատում ջրի անվտանգությունը, Սարգսյանը պատասխանել է, որ տեսչական մարմինն իր վարույթի շրջանակում առանձին լաբորատոր հետազոտություններ է պատվիրում։
Սարգսյանի փոխանցմամբ՝ «Վեոլիա ջուրն» ուսումնասիրություններ է իրականացնում սեփական ներքին վերահսկողական ընթացակարգերով, իսկ ՍԱՏՄ-ի վերցրած նմուշները հետազոտում է մրցույթի արդյունքում ընտրված անկախ կազմակերպությունը։
«Մենք ամենօրյա ռեժիմով ստանում ենք փորձաքննության տվյալները։ Մեզ մոտ հարցեր առաջանալու դեպքում դիմում ենք այդ կազմակերպությանը կամ առաջարկներ ներկայացնում։ Ինչպես սկզբում նշեցի՝ միայն ամփոփելուց հետո կարող ենք վերջնական ասել՝ խնդիր կա՞, թե ոչ»,- ասել է Սարգսյանը։
ՍԱՏՄ ղեկավարը հայտնել է նաև, որ ամեն օր տեղեկանք է ստանում Բյուրեղավանում կատարված փորձաքննությունների արդյունքների և այն կետերի վերաբերյալ, որտեղ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ նմուշառում պետք է իրականացվի։
«Վերջին օրերին որևէ խնդիր չի եղել։ Ուղղակի ճիշտ չէ ընթացքում խոսելը. թաքցնելու ոչինչ չունենք, բայց ամփոփելուց հետո միայն կներկայացնենք ամբողջական պատկերը»,- նշել է նա։
ՍԱՏՄ-ն համագործակցում է նաև պետական այլ կառույցների, այդ թվում՝ ՀՎԿԱԿ-ի հետ, սակայն սեփական վարույթի շրջանակում օգտվում է առանձին անկախ լաբորատոր ծառայությունից։ Սարգսյանն ընդգծել է, որ խնդրի հայտնաբերման դեպքում տեսչական մարմինը չի սպասում վարույթի ավարտին՝ համապատասխան գործողություններ ձեռնարկելու համար։ Տարբեր հատվածներից նմուշներ են վերցվում և փորձաքննություններ են կատարվում՝ պարզելու՝ խնդիրը շարունակվո՞ւմ է, թե ոչ։
«Ժամանակին հայտնաբերված բոլոր շեղումները հրապարակվել են։ Հիմա պարզում ենք՝ ինչ պատկեր ունենք այս պահին և ինչ դինամիկա է գրանցվում իրականացված համալիր գործողությունների արդյունքում»,- ասել է Սարգսյանը։
Որպես օրինակ նա անդրադարձել է նաև սեպտեմբերի 24-ին Երևանի տարբեր վարչական շրջաններում առաջացած խնդրին, երբ խոշոր վթարի հետևանքով խմելու ջրի որակի հետ կապված խնդիրներ են արձանագրվել։ Սարգսյանի խոսքով՝ ՍԱՏՄ-ն նույն օրը կապ է հաստատել պատասխանատուների հետ և պարզել, որ վթարված աղբյուրից բնակչությանը ջրի մատակարարումը դադարեցվել է։ Հաջորդ առավոտյան տեսչական մարմինը պաշտոնական կարգադրագիր է տվել՝ կասեցնել այդ աղբյուրի ջրօգտագործումը, ջրամատակարարումն իրականացնել այլընտրանքային միջոցներով և մինչև ՍԱՏՄ-ի լրացուցիչ ստուգումների ավարտն այդ աղբյուրից բնակչությանը ջուր չմատակարարել։
«Վեոլիա ջուրը» հայտնել է, որ սեպտեմբերի 27-ին վթարի հետևանքները վերացվել են, ընկերությունն իրականացրել է իր ստուգումները, և ջրի ցուցանիշները համապատասխանել են նորմերին։ Բայց ՍԱՏՄ-ն դրանից հետո ևս չի թույլատրել տվյալ ջրաղբյուրի շահագործումը և իրականացրել է սեփական անկախ լաբորատոր փորձաքննությունը։ Միայն սեպտեմբերի 29-ին կամ 30-ին, երբ ունեցել ենք վերջնական արդյունքը, որ ջուրը պիտանի է օգտագործման և լիովին համապատասխանում է բոլոր սանիտարահիգիենիկ նորմերին, նոր միայն թույլատրվել է ջրօգտագործումը տվյալ ջրաղբյուրից»,- շարունակել է Սարգսյանը։
Սեպտեմբերի 24-ին Երևանի տարբեր հատվածներում ծորակներից պղտոր ջուր է հոսել։ Մինչ այդ սոցիալական ցանցերի օգտատերերը մի քանի օր շարունակ ահազանգել են աղտոտված ջրի վերաբերյալ և լուսանկարներ հրապարակել։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնել է, որ վթարվել է «Արզական–Քանաքեռ–Զովունի» մայրուղային ջրատարը, ինչի հետևանքով Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում ջրանջատում է հայտարարվել։