«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողի ներխուժման և տեղի բնակչուհուն վիրավորելու դեպքից հետո գյուղացիները Factor TV-ի հետ զրույցում պատմում են միջադեպի մանրամասները:

Շաքիի բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ սահմանի խախտման մասին իրեն դեռ չորս օր առաջ զգուշացրել էին Ռազմական ոստիկանության ծառայողները, երբ ինքը գիշերային հերթափոխով շինանյութ (հող և ավազ) էր տեղափոխում մարտական հենակետեր՝ ամրաշինական աշխատանքների համար:

«Ինձ զգուշացրել էին, որ սահմանախախտում է եղել, փախած թուրքեր կան, զգույշ եղիր։ Սկզբում ասել էին՝ չորս հոգի են, բայց հետո պարզվեց, որ մեկ հոգի է եղել»,- պատմեց բնակիչը՝ նշելով, որ իրավապահները հսկողություն էին սահմանել մայրուղու վրա:

Factor.am-ը կատարվածի վերաբերյալ բնակչի ներկայացրած տեղեկությունների առնչությամբ պարզաբանում ստանալու նպատակով դիմել է ԱԱԾ։ Պատասխան ստանալուն պես՝ կհրապարակենք։

Անդրադառնալով դեպքին՝ գյուղացին նշել է, որ ադրբեջանցին մտել է համագյուղացու տուն և հրազենով վիրավորել կնոջ ոտքը: Կրակոցից հետո զինված ներխուժողը դիմել է փախուստի՝ անցնելով բանջարանոցների ու այգիների միջով:

Ըստ բնակչի՝ տեղի որսորդներն ու գյուղի երիտասարդներն արյան հետքերով անմիջապես հետապնդել են նրան: Զինծառայողին, ի վերջո, հայտնաբերել և վնասազերծել են գյուղի տներից մեկի անասնագոմում։

Բնակչի խոսքով՝ գյուղում իրավիճակն այժմ հանգիստ է։

Նշենք, որ Դատախազությունը տեղեկացրել էր՝ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հատկանիշներով։

Ավելի ուշ ևս մեկ վարույթ է նախաձեռնվել՝ պետական սահմանն ապօրինի հատելու և հրազենի մաքսանենգության հատկանիշներով, որը միացվել է արդեն իսկ առկա վարույթին։ Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment