Փաշինյան․ Հանձնառու ենք շարունակելու ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցությունը

Հայաստանը հանձնառու է շարունակելու ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցությունը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցել է տեսակապով։

Նա նաև կարևորել է ԵԱՏՄ իրավունքին համապատասխան ՀՀ ապրանքների արտահանման և տարանցման առկա խոչընդոտների վերացման շուրջ երկխոսության շարունակումը:

«Մենք բազմիցս վերահաստատել ենք ԵԱՏՄ շրջանակներում փոխշահավետ համագործակցության շարունակականությանն ուղղված Հայաստանի Հանրապետության հանձնառությունը, որը նպատակաուղղված է տնտեսական կայունության ամրապնդմանը և մեծ տարածաշրջանի կայուն զարգացման ապահովմանը։

Հայաստանը հետևողականորեն առաջ է մղում տարածաշրջանում խաղաղության և առևտրատրանսպորտային փոխկապակցվածության օրակարգը։ Ինչպես բազմիցս նշվել է, «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախաձեռնությունն ուղղված է տրանսպորտային, էներգետիկ և թվային փոխկապակցվածության զարգացման միջոցով նոր հնարավորությունների ստեղծմանը։

«Խաղաղության խաչմերուկի» առանցքային բաղադրիչներից մեկը TRIPP-ն է՝ «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։ TRIPP նախագիծը Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի։

Միևնույն ժամանակ, նախագիծը հնարավորություն կտա ինտեգրել Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին և հնարավորություն կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցություն ձևավորելու համար։

Սա տրանսպորտային կապերի ոլորտում նշանակալի իրադարձություն կդառնա՝ փոփոխություններ բերելով Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի համար։

Նեղ կազմով նիստի ընթացքում ես գործընկերներին տեղեկացրեցի որոշ ասպեկտների մասին, որոնք վերաբերում են տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, որը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում։ Մենք որոշակի լուծումների ակնկալիք ունենք, որոնք, մասնավորապես, կհանգեցնեն Հայաստանի Հանրապետության երկաթուղիների արդյունավետության բարձրացմանը։

Անշուշտ, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումը ԵԱՏՄ միասնական շուկայի լիարժեք գործունեության հիմքն է։

Միևնույն ժամանակ, տնտեսական համագործակցության զարգացման և խորացման կարևոր բաղադրիչ է պարենային անվտանգության, ներքին շուկաների կայունության և գյուղատնտեսական արտադրանքի ու պարենի փոխադարձ մատակարարումների կանխատեսելիության ապահովումը»,-ասել է նա:

Վարչապետը հավելել է, որ ագրոպարենային համալիրի զարգացման համատեղ կանխատեսումները և պահանջարկի ու առաջարկի հաշվեկշիռները հնարավորություն են տալիս ավելի հստակ գնահատելու մեր պետությունների կարիքները, պլանավորելու արտադրությունն ու մատակարարումները, ինչպես նաև բացահայտելու փոխադարձ առևտրի և ԵԱՏՄ շուկայում արտահանման ներուժի իրացման նոր հնարավորություններ։

«Անշուշտ, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումը ԵԱՏՄ միասնական շուկայի լիարժեք գործունեության հիմքն է։

Միևնույն ժամանակ, այս սկզբունքների գործնական իրականացումը շարունակում է պահանջել մեր հատուկ ուշադրությունը։ Ցավոք, Չոլպոն-Աթայում Միջկառավարական խորհրդի նիստին իմ նախորդ մասնակցությունից ի վեր առկա մի շարք հարցերի ուղղությամբ էական առաջընթաց արձանագրել չի հաջողվել։

Մասնավորապես, պահպանվում են սահմանափակումներ և վարչական խոչընդոտներ, որոնք շարունակում են էապես դժվարացնել միասնական շուկայի լիարժեք և արդյունավետ գործունեությունը։

Այս կապակցությամբ կարևոր ենք համարում ԵԱՏՄ իրավունքին համապատասխան Հայաստանի արտադրանքի արտահանման և տարանցման առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ կառուցողական երկխոսության շարունակումը։

Վստահ եմ, որ այս ուղղությամբ հետևողական առաջընթացը բխում է ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների շահերից՝ ապահովելով առևտրային հոսքերի կայունությունը, շուկայի մասնակիցների համար պայմանների կանխատեսելիությունը, ինչպես նաև ինտեգրացիոն համագործակցության հետագա ամրապնդումը»,-ասել է Փաշինյանն իր ելույթում:

Մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ԵԱՏՄ անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները հայտարարություն են ընդունել Հայաստանի իրավիճակի վերաբերյալ։ Հայաստանին առաջարկվում է հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցով։

Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ վերջին օրերին նաև հայտարարել են, որ եթե Հայաստանը շարունակի շարժվել դեպի Եվրամիություն, կարող է կորցնել Ռուսաստանից արտոնյալ պայմաններով գազ ձեռք բերելու հնարավորությունը։

Բացի այդ, Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-ն հունիսի 2-ից սահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողի և այլ կորիզավոր մրգերի ներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել է Հայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծման նկատմամբ։

Leave a comment