Հասարակություն
02.10.2026 | 15:02
Ոստիկանության, ԱԱԾ-ի, Քննչական կոմիտեի և պարեկային ծառայության համատեղ միջոցառումների արդյունքում Կոտայքի մարզում բեռնատարի սրահում հայտնաբերվել է 14.2 կգ մարիխուանա։ Թմրամիջոցը, ըստ ոստիկանության, Հայաստան է ներկրվել մաքսանենգ ճանապարհով՝ իրացման նպատակով․ ձերբակալվել է 45-ամյա օտարերկրյա քաղաքացի։
«ՆԳՆ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի և պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 29-ի գիշերը՝ ժամը 2․30-ին, Երևան-Սևան ճանապարհի հարակից գործարանի կայանատեղիում կայանված բեռնատարում հայտնաբերվել, իրացման նպատակով մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք թմրամիջոց ներկրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 45-ամյա մի տղամարդ։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ բեռնատարի սրահում հայտնաբերվել է ընդհանուր 14,2 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոցով 30 փաթեթ։
45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։