«Գորիսում ընտրությունները լարված բնույթ են ունենալու, իշխանությունը փորձելու է դաշինքի գնալով տեղական առաջատարի հետ՝ ռեւանշի հասնել»․ Ավետիք Չալաբյան

«ՀայաՔվե» միավորումն այսօր ազդարարեց ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե» կուսակցության մասնակցության մասին:

«ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ իրենց կազմում գործող «Հայկական քվե» կուսակցության միջոցով մասնակցելու են ՏԻՄ ընտրություններին։ «Մեր առաջին քայլը՝ որպես այդպիսին, մենք կատարելու ենք հոկտեմբերի 25-ին նախատեսված Գավառ եւ Գորիս համայնքներում տեղի ունենալիք ավագանու ընտրություններին։ Այս երկու դեպքերում էլ մենք հանդես ենք գալու երիտասարդ նոր թիմերով, նոր գաղափարներով։ Եվ ամենակարեւորը՝ մեր մտադրությունն է  այս երկու համայնքներում բերել թարմ շունչ, մաքուր ձեռքեր եւ իրական հանրային պատասխանատվություն»,- ասաց նա։

Ավետիք Չալաբյանի խոսքով՝ իրենք սկսում են ընտրարշավը Գավառում ու Գորիսում, Գորիսի դեպքում «Ապրելու երկիր» կուսակցության հետ դաշինքով են մասնակցելու։ Դաշինքն անվանել են «Ապրելու քվե»։ 

«Մենք տեղում ունենք արդեն կայացած, ձեւավորված, գործունյա, խիզախ ու կարող թիմեր, որոնք պատրաստ են մարտահրավեր նետել գործող վարչախմբին։ Պատրաստ են իրենց արդար քրտինքով վաստակել մեր քաղաքացիների քվեն, ներգրավվել այդ համայնքների ավագանիների աշխատանքին, ձգտել նաեւ հաղթել ավագանու ընտրություններում եւ իրենց էներգիայով, կարողություններով իրապես նոր էջ բացել մեր համայնքների կյանքում»,- հավելեց Ավետիք Չալաբյանը։

««Հայկական քվե» կուսակցության նախագահ Մենուա Սողոմոնյանի գնահատականով՝ հունիսի 7-ին տեղի ունեցած համապետական ընտրություններն անցել են բռնաճնշումների, ընդդիմադիր հարյուրավոր գործիչներին ու առաջնորդներին բանտ նետելու պայմաններում, եւ այդ ամենի արդյունքում է «նկարվել» իշխանության 49 տոկոսը։

«Այդքանով հանդերձ էլ այդ ընտրությունները ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը եւ նրա ադրբեջանանպաստ օրակարգերին։ Այդ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբն անընդհատ առնչվում են իրենց ոչ լեգիտիմությանը։ Եվ ի պատասխան այդ առերեսմանը նա ավելի է կոշտացնում Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների դեմ պայքարը եւ ավելի է խորացնում ավտորիտարիզմը Հայաստանում՝ մի տեսակ ձգտելով հասնել Իլհամ Ալիեւին։ Ուստի, այս ընտրությունները մեզ համար կարեւոր են նրանով, որ մենք ձգտելու ենք արտահայտել ՀՀ քաղաքացու՝ Փաշինյանին չաջակցելու կամքը։ Այն կամքը, որ պետք է դիմադրել ՀՀ-ում խորացող ավտորիտարիզմին եւ ալիեւյան կարգերի տարածմանը»,- ասաց Մենուա Սողոմոնյանը։

Նա նշեց, որ իրենք Գավառ եւ Գորիս համայնքների բնակիչներին առաջարկում են քաղաքացիական կամքի դաշինք․ «Դա նշանակում է, որ դուք մեր օգտին քվեարկելով՝ արտահայտում եք ձեր անհնազանդությունը Փաշինյան-Ալիեւ օրակարգին։ Եվ կոնկրետ այս երկու համայնքներում ձեւավորելու ենք ժողովրդական վերահսկողության օջախներ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ավետիք Չալաբյանն էլ հավելեց, որ այս ՏԻՄ ընտրություններն ունենալու են բավականին ընդգծված քաղաքական բաղադրիչ։

«Եվ մեր հավակնությունն այն է, որ Գավառում եւ Գորիսում մենք հնարավորություն տանք համայնքի ընդդիմադիր հայացքներ ունեցող բնակչությանն ունենալ իրենց ներկայությունն ավագանիում։ Գորիս համայնքում գործող իշխանությունը պարտվել է համապետական ընտրություններում, բայց փորձելու է հիմա նաեւ դաշինքի գնալով տեղական առաջատարի հետ՝ ռեւանշի հասնել։ Մեր նպատակը պետք է լինի այն, որ մեր համայնքի բնակիչներն իրենց լքված չզգան, չմտածեն, որ ընդդիմությունը մոռացել է իրենց մասին։ Ուստի, Գորիսի ընտրություններն այդ իմաստով ավելի լարված բնույթ են ունենալու»,- նշեց Չալաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նշենք, որ Գորիսում «Ապրելու քվե» դաշինքով ավագանու անդամի թեկնածուն Լեւոն Արշակյանն է, իսկ «Հայկական քվե» կուսակցության Գավառի համայնքապետի թեկնածուն՝ Հրայր Իսրայելյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment