«Ուժեղ Հայաստանը» պահանջում է հետաքննել Սյունիքի դեպքը, Սաղաթելյանը՝ ադրբեջանցուն փոխանակել հայ գերիների հետ

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որտեղ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը կրակել է կնոջ ոտքին, վնասվածքներ հասցրել նրա երեխաներին:

Կուսակցությունը պահանջում է միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն:

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դեռևս ամիսներ առաջ ահազանգում էր այն վտանգի մասին, որ գործող իշխանությունների վարած կործանարար քաղաքականության պատճառով ադրբեջանցիները կարող են անարգել, առանց որևէ խոչընդոտի ներթափանցել Հայաստանի սուվերեն տարածք։

Այն, ինչի մասին նախազգուշացնում էինք ընտրությունների ժամանակ, տեղի ունեցավ ավելի արագ:

Նրանք այստեղ են՝ մեր տանը։

Սիսիանի տարածաշրջանի Շաքի գյուղում տեղի ունեցած վերջին դեպքը՝ ադրբեջանցի զինվորականի ներթափանցման վերաբերյալ տեղեկությունները և բնակչության շրջանում առաջացած ողջամիտ տագնապը, հերթական ապացույցն են այն բանի, որ Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են։

Գյուղացին այլևս իր տանը, իր հողում պաշտպանված չէ, իսկ պետական համակարգը գործում է միայն հետևանքներին արձագանքելու կամ տեղի ունեցածը մեղմելու ռեժիմով։

Խստագույնս դատապարտում ենք օրվա իշխանության այս մոտեցումը:

Նրանք զրկել են երկիրը անվտանգային հուսալի երաշխիքներից՝ միակողմանի զիջումներով և խաղաղության կեղծ օրակարգով անպաշտպան թողնելով սահմանամերձ բնակավայրերը։

Անտեսել են բոլոր ահազանգերը՝ ցուցաբերելով աններելի անգործություն, ինչի հետևանքով ադրբեջանցիները կարողանում են հայտնվել Հայաստանի խորքում՝ Սյունիքի գյուղերում։

Խաթարել են քաղաքացու ապահովության ու անվտանգության զգացումը՝ ստիպելով սահմանապահ բնակչությանն ապրել մշտական սպառնալիքի և անորոշության մեջ։

Սա սովորական միջադեպ չէ, սա փաշինյանական իշխանության վարած քաղաքականության տրամաբանական ու ողբերգական հետևանքն է։

Մենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն։

Զիջումները հեռացնում են մեզնից խաղաղությունը։

Ցավոք, մենք դրան ականատես ենք լինում դառը ու ցավալի փորձի միջոցով»,-ասվում է կուսակցության հայտարարության մեջ:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր հերթին հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները պետք է կալանավորեն հայ քաղաքացու վրա կրակ արձակած ադրբեջանցի զինծառայողին և նրան փոխանակեն Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների՝ հայ գերիների հետ:

Ըստ նրա՝ ցանկացած այլ լուծում, կամ ինչպես նախորդ դեպքերում, «հլու-հնազանդ կերպով ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես կվերածվի հպատակության հերթական դրսևորման»:

«Այս դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպանության աստիճանը։

Եթե անգամ հիմք ընդունենք պաշտոնական վարկածը, ստացվում է հետևյալը․ ադրբեջանցի մոլորված զինվորն անարգել հատել է պետական սահմանը, հասել հայկական բնակավայր ու կրակ արձակել ՀՀ քաղաքացու վրա։

Ու ամենասարսափելին և խայտառակն այն է, թե դեռ որքան ժամանակ նա անարգել կշրջեր մեր երկրում, եթե հայ կինը փաստացի չհայտնաբերեր նրան ու չդիմեր անհրաժեշտ ինքնապաշտպանության։

Այսպես էլ լինում է, երբ երկրում բոլոր ուժային կառույցներն իրենց ուղղակի պարտականությունները կատարելու փոխարեն զբաղվում են բացառապես իշխող ուժի քաղաքական հակառակորդներին հետապնդելով, աթոռներ պաշտպանելով և ներքին թշնամիներ փնտրելով։

Այս իրավիճակում օրվա իշխանությունն ունի ընդամենը մեկ ելք՝ կալանավորել հայ քաղաքացու վրա կրակ արձակած ադրբեջանցի զինծառայողին։ Նրան փոխանակել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների՝ հայ գերիների հետ։

Ցանկացած այլ լուծում, կամ ինչպես նախորդ դեպքերում, հլու-հնազանդ կերպով ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես կվերածվի հպատակության հերթական դրսևորման»,-ասվում է գրառման մեջ:

Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն և հայտնաբերվելուց հետո զենքից կրակոցներ է արձակել։ Կրակոցի հետևանքով վիրավորվել է 1987 թվականին ծնված կինը, վնասվածքներ են ստացել նաև նրա 3 երեխաներից 2-ը: Դրանից հետո ադրբեջանցին փախուստի է դիմել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում։

Leave a comment