Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ երեխաները նույնպես վնասվածքներ են ստացել

Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ երեխաները նույնպես վնասվածքներ են ստացել, հայտնում է ՀՀ դատախազությունը:

Նշվում է, նաև, որ վիրավորում ստացած կինը տեղափոխվել է Երևան:

«2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14:17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ իրենց տուն մարդ է մտել, զենքով կրակել է մայրիկի ոտքին: Ահազանգը փոխանցվել է Ոստիկանության Սիսիանի բաժին:

Դեպքի վայրում պարզվել է, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել է կրակոցներ: Կրակոցի հետևանքով վիրավորում է ստացել 1987 թվականին ծնված Ա.Ա.-ն: Այնուհետև, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել է փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 207-րդ հոդվածի 1-ին մասով:

Դեպքի վայրի զննությամբ վերցվել են փորձանմուշներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 15:30-ին ձերբակալվել է և ներկայացվել նախաքննության մարմին:

«Վիրավորում ստացած ՀՀ քաղաքացին տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն: ՀՀ քաղաքացին ստացել է բուժօգնություն և տեղափոխվել Երևան:

Նույն օրը Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու՝ 2011 և 2014 թվականին ծնված երեխաները: 2014 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել աջ դաստակի կոտրվածք», – ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ պարտադիր ժամկետային զինծառայող Նասիմի Մուսաևը լքել է ծառայության վայրը Լաչինի ուղղությամբ տեղակայված զորամասը սեպտեմբերի 26-ին, հայտնում է APA-ն:

Լաչինի ուղղությամբ ադրբեջանական բանակի զինծառայողի անհետացման փաստով քրեական գործ է հարուցվել։

«2026 թվականի սեպտեմբերի 26-ին Նասիմի Մուսաևի՝ ծառայության վայրում բացակայելու և նրա գտնվելու վայրը պարզելու անհնարինության կապակցությամբ սկսվել են որոնողական աշխատանքներ, դրան զուգահեռ՝ տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով Զինվորական դատախազությունն իրականացրել է համապատասխան ստուգում, որի արդյունքներով հիմնավոր կասկածներ են ի հայտ եկել, որ Նասիմի Մուսաևն ինքնակամ լքել է զորամասը։

Ստուգման ընթացքում հավաքված նյութերի հիման վրա Ադրբեջանի Հանրապետության զինվորական դատախազության քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով քրեական գործ է հարուցվել։ Ներկայում գործով շարունակվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունները։

Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Նասիմի Մուսաևը գտնվում է ՀՀ տարածքում և ձերբակալվել է այդ երկրի համապատասխան մարմինների կողմից:

Ներկայում Ադրբեջանի Հանրապետության համապատասխան պետական կառույցները շարունակում են անհրաժեշտ կապերը հակառակ կողմի համապատասխան կառույցների հետ՝ պարզելու Նասիմի Մուսաևի՝ ՀՀ տարածքում գտնվելու, նրա ձերբակալման, ինչպես նաև տեղի ունեցածի այլ հանգամանքները»,-ասվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը սեպտեմբերի 29-ին Հայաստանի ԱԱծ-ին հայտնել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Ադրբեջանական կողմը չի բացառել, որ զինծառայողը կարող էր ապօրինի հատած լինել ՀՀ սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան մարմինները որոնողական աշխատանքներ են իրականացրել։ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել է, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ քաղաքացու ոտքին կրակելու վերաբերյալ։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որին ձերբակալել են։ Միջադեպի վերաբերյալ մանրամասները փոխանցվել են նաև ադրբեջանական կողմին։

ՀՀ քննչական կոմիտեում կատարվածի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Leave a comment