«Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է, ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է. ««Աշխարհաքաղաքական Գիքորի» կարգավիճակում հայտնված Նիկոլ Փաշինյանը նոր դեգերումների մեջ է` վերջին շաբաթներին հուժկու հակառուսական ալիք բարձրացրած «ինքնիշխանները» կրկին նահանջում են: Երեկ ճեպազրույցում Փաշինյանը հայտնել է նոր ատոմակայանի հարցում ՀՀ դիրքորոշման փոփոխության մասին․ «Նախկինում տասնյակ անգամ ասել եմ, որ մեզ մոդուլային ատոմակայանից ավելի ոչինչ պետք չէ։

Սա է եղել մեր դիրքորոշումը, բայց հիմա մենք պիտի հասկանանք, որ մոդուլայինը մեզ, մեծ հավանականությամբ, չի հերիքելու», իբրեւ թե այս փոփոխության պատճառը երկրում արհեստական բանականության գործարանների կառուցումն է, որի համար անհրաժեշտություն է առաջացել մտածել էլեկտրաէներգիայի ներկրման մասին։ Կարելի է կարծել՝ երեկ են սկսել կառուցել ԱԲ գործարանները:

Մինչդեռ մայիսին՝ քարոզարշավի ժամանակ, խոսում էր բացառապես մոդուլայինի մասին, որն առաջարկում են Արեւմուտքից։ Նոր ԱԷԿ-ի շուրջ քննարկումները շարունակվում են։ ՀՀ կառավարությունը պարտավորվել է մինչեւ 2027-ի ավարտը կողմնորոշվել ատոմակայանի կառուցման տեխնոլոգիայի հարցում։

Նախօրեին Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին, քննարկել են ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման մասին ռուսական կողմի առաջարկները։ Այժմ, երբ ռուսական կողմից մեծ ճնշում կա, եւ անգամ խոսվում է գազամատակարարումն անջատելու մասին, Փաշինյանը, ըստ ամենայնի, «զադնի է դրել» եւ ընդունել ռուսական առաջարկը։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները ԱՆԻՖ-ի քրեական վարույթի շրջանակներում իրավաբանական օգնության համար դիմում են ներկայացրել Սինգապուր և ԱՄՆ։

Եվ ահա լրացել է 1 տարին, ու մինչ օրս չի հայտնաբերվել հետախուզման մեջ գտնվող ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը։

Ինչպես հայտնի է, 2025 թվականի սեպտեմբերի 5-ին հրապարակվեց, որ հայաստանցի իրավապահները միջազգային հետախուզում են հայտարարել ԱՆԻՖ-ի նախկին տնօրենի նկատմամբ։ Դավիթ Փափազյանին հայտնաբերելու դեպքում կկալանավորեն։

2025 թվականին Քննչականը մեղադրանք առաջադրեց Հայաստանից հեռացած Փափազյանին, պետական հիմնադրամի դուստր ընկերության նախկին տնօրենին, նաև՝ 1.5 միլիարդ դրամ ներդրում ստացած «Սի Էֆ Դաբլյու» ընկերության տնօրենին, որի մասով գործը անջատվել ու քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։

Փափազյանը մեղադրվում է միանգամից երեք՝ փողերի լվացման, ծառայողական լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու հոդվածներով։

Այս քրեական վարույթի շրջանակներում Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհուրդը 2.5 տարի գլխավորած Երևանի քաղաքապետը՝ Տիգրան Ավինյանը, հարցաքննվել է։ Այս հիմնադրամը ստեղծվեց 2019-ին, լուծարվեց հինգ տարի անց՝ ձախողելով մի շարք խոշոր ներդրումային ծրագրեր։

Իրավապահներն այս գործը քննում են արդեն երկու տարի, կասկածներ ունեն, որ պետական բյուջեից հատկացված միլիարդները իրենց նպատակին չեն ծառայել։ Մինչ իրավապահները գաղտնապահ են, այս տարիների ընթացքում հետաքննող լրագրողները պարզեցին, որ ԱՆԻՖ-ի հիմնադրումից 8 օր անց 1.5 միլիարդ դրամ էր փոխանցվել Ավինյանի կնոջ ընկերուհու ընկերությանը, հենց այդ ընկերուհին է այժմ մեղադրյալներից մեկը, հիմնադրամը նաև 960 միլիոն դրամ հատկացրել էր Ավինյանի դասարանցու ընկերությանը»։

Leave a comment