ԱՄՆ-ը, Հայաստանում «Թրամփի երթուղու» (TRIPP) նկատմամբ վերահսկողություն սահմանելով, երկրի տարածքում ստեղծում է «պետություն պետության մեջ», իսկ Հյորմուզի նեղուցը փակելու վերջին փորձերի ֆոնին ապագա տրանսպորտային միջանցքի հուսալիությունը «կասկածելի է թվում»։ Այս մասին РБК-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
ՌԴ ԱԽ փոխքարտուղարի խոսքով՝ հայ-ամերիկյան նոր ընկերությանը հանձնվելու է ճանապարհի ամբողջ երկայնքով անվտանգության ապահովումը, մինչդեռ հայկական կողմն իրականացնելու է միայն սահմանային և մաքսային վերահսկողություն։ Սա, ըստ նրա, կարող է հանգեցնել Հայաստանում ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների (ՄՌԸ), հետախուզական և այլ ենթակառուցվածքների հայտնվելուն։
Շևցովը նշել է, որ նոր նախագծում հայկական կողմի մասնաբաժինը կազմելու է ընդամենը 26%, ինչը նշանակում է, որ Երևանը չի ունենալու վերահսկիչ փաթեթ։ «Փաստացի Հայաստանում, դասական հետգաղութատիրական մոդելներին լիովին համապատասխան, հիմնվում է հերթական պետությունը պետության մեջ, որպիսիք նախկին խորհրդային հանրապետությունների տարածքում արևմտամետների կողմից ժամանակին քիչ չեն ստեղծվել»,- ընդգծել է նա РБК-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ «Թրամփի երթուղին» (TRIPP) տրանսպորտային միջանցքի նախագիծ է Հայաստանի տարածքով, որը պետք է կապի Ադրբեջանը Նախիջևանի հետ։ Համաձայնությունը ձեռք էր բերվել 2025 թվականի օգոստոսին ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ։ Նախագծով նախատեսված է, որ ԱՄՆ-ն ստանալու է 74% մասնաբաժին, իսկ Հայաստանը՝ 26%՝ պահպանելով լիակատար ինքնիշխանությունն այն տարածքների նկատմամբ, որոնցով անցնելու է երթուղին։