«Ինձ այսօր դատարան հրավիրելն արդեն հակասահմանադրական է, որովհետև 2026 թվականի օգոստոսի 2-ից ես հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, իսկ այն Ազգային ժողովը, որի պատգամավորը ես հանդիսանում եմ, համաձայնություն չի տվել, որպեսզի իմ հանդեպ իրականացվի քրեական հետապնդում։ Սա անձեռնմխելիության սկզբունքի կոպտագույն խախտում է, և ես ակնկալում եմ ու միջնորդություն ունեմ դատարանին, որ պետք է այս վարույթն այսօր կասեցվի։ Այսինքն՝ որևէ վճիռ, որևէ որոշում չի կարող կայացվել, քանի դեռ Ազգային ժողովը չի տվել իր համաձայնությունը։ Սա Սահմանադրության մեջ շատ հստակ և որոշակի գրված է»,- իր գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Նա մանրամասնեց․ «Սահմանադրության 4-րդ հոդվածն ունի «Սահմանադրական կարգի հիմունքները» բաժնի կարգավորում, ըստ որի՝ Հայաստանում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները միմյանցից տարանջատված են։ Դատարանը դատական իշխանության մարմին է հանդիսանում և չի կարող առանց Ազգային ժողովի համաձայնության ազդել խորհրդարանի կամ նրա որևէ պատգամավորի գործունեության վրա։ Սա նաև սահմանադրական կարգի հիմունքների կոպիտ խախտում է․ եթե գործը դատաքննության փուլում է, և այդ ընթացքում ի հայտ է եկել նոր հանգամանք, պիտի կասեցվի, դիմեն Ազգային ժողով, ստանան Ազգային ժողովի համաձայնությունը կամ համբերատար սպասեն 5 տարի, մինչև լիազորությունների ժամկետը կավարտվի, նոր կանցնեն։ Այսինքն՝ քանի ես պատգամավոր եմ, չի կարող դատական իշխանությունը օրենսդիր իշխանության գործունեության վրա որևէ կարգի ներազդեցություն ունենալ։
Ավելին ասեմ ձեզ․ իմ վրա պահպանվել է դեռևս վարչական հսկողության խափանման միջոցը, որն իրականացնում է Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունը։ Մեր Սահմանադրությամբ ճիշտ հակառակն է․ ոչ թե Պրոբացիայի ծառայությունը պետք է ինձ վերահսկի, այլ ես՝ որպես պատգամավոր, պետք է իրենց վերահսկեմ, որովհետև խորհրդարանն է վերահսկում գործադիր իշխանության, այդ թվում՝ նրա առանձին ծառայությունների գործունեությունը։ Հետևաբար, այս պահի դրությամբ մենք արդեն ունենք ակնհայտ իրավունքի խախտում, և ես ակնկալում եմ, որ այսօրվա դատական նիստում այս հարցերը պետք է դառնան առանձին քննության առարկա»։
Էդգար Ղազարյանը կարծում է, որ իշխանությունն իր քաղաքական գործունեությունը փորձելու է սահմանափակել։ Նա հեգնեց՝ ասելով․ «Իմ գործունեությունը մենակ Ռուբեն Ռուբինյանին է ոգևորել, որովհետև որոշել է ինձ պարգևատրել, չգիտեմ ինչի՝ իրեն դուր է եկել իմ խորհրդարանական գործունեությունը, բայց մնացածին, կարծում եմ, այդքան էլ դուր չի գալիս, հատկապես՝ գլխավորին, և կարծում եմ, որ այս գործընթացները առավելապես դրանով են պայմանավորված»։
Էդգար Ղազարյանին վերագրվող 490-րդ հոդվածը նախատեսում է ազատության սահմանափակում (1-3 տարի), կարճաժամկետ ազատազրկում (1-2 ամիս) և [երկարաժամկետ] ազատազրկում (2-5 տարի) պատժատեսակները։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, այս գործով դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել։ Գործը ստացել է՝ «ՍԴ դատավորների գործ» անունը։ Ավելի վաղ Էդգար Ղազարյանը հայտարարել էր, որ բողոքարկելու են։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: