Իոն Մարինը՝ բեմում, Մաքսիմ Վենգերովը՝ դահլիճում, բացառիկ համերգ՝ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում

Միջազգային երաժշտական ասպարեզի բացառիկ անհատականություններից մեկը՝ անվանի դիրիժոր Իոն Մարինը սեպտեմբերի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ղեկավարեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ներկայացնելով Մոցարտի և Չայկովսկու ստեղծագործությունները։

Իր տեսաուղերձում Իոն Մարինը նշել էր, որ քանիցս պատիվ է ունեցել ղեկավարելու Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, և մեծանուն հայ կոմպոզիտորի շնորհիվ կապվել հայկական երաժշտական մշակույթի հետ։

«Իմ ընկեր Մաքսիմ Վենգերովը նույնպես մեծ ջերմությամբ է խոսել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ բարձր մակարդակի և հայ ունկնդրի հրաշալի ջերմության մասին»,-նշել է դիրիժորը, որը ղեկավարել է գրեթե բոլոր եվրոպական առաջատար նվագախմբերը, այդ թվում՝ Բեռլինի ֆիլհարմոնիկը, Լայպցիգի Գևանդհաուս նվագախումբը, Դրեզդենի պետական կապելան, Բավարական ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, Ֆրանսիայի ազգային նվագախումբը, Սանտա Չեչիլիայի ազգային ակադեմիայի նվագախումբը և Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ նվագախումբը և այլն։

Երևանյան բացառիկ համերգը, որի ավարտից հետո շուրջ 10 րոպե չէին դադարում ծափահարություններն ու հիացական բացականչությունները՝ իրականացվեց 10-րդ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, իսկ համերգաշրջանի գլխավոր գործընկերն է GTB Development-ը։

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը հիմնադրվել է 2017 թվականին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովի համատեղ ջանքերով։ Իր մի քանի տարվա պատմության ընթացքում փառատոնը հասցրել է դառնալ միջազգայնորեն ճանաչված և սպասված երաժշտական միջոցառում։

Հավելենք, որ դահլիճում էր նաև «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բարեկամ, աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Մաքսիմ Վենգերովը, որը տարիներ առաջ հանդես է եկել նույն փառատոնի շրջանակներում։ Վենգերովը նաև որպես մենակատար հանդես է եկել համերգների ժամանակ, որոնք ղեկավարել է Իոն Մարինը։

Իոն Մարինի հետ հանդես եկող մենակատարների թվում են նաև Մարթա Արգերիխը, Յո-Յո Ման, Ֆրանկ Պետեր Ցիմերմանը, Գիդոն Կրեմերը, Պլասիդո Դոմինգոն, Անջելա Գեորգիուն, Լանգ Լանգը, Չիկ Կորեան և այլ վառ անուններ։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment