Շաքի համայնքում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած քաղաքացին այս պահին հետազոտվում է

Շաքի համայնքում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած քաղաքացին այս պահին հետազոտվում է: Այս մասին 24News-ին տեղեկացրել է Սիսիանի ԲԿ տնօրեն Անիկ Գրիգորյանը:

«Ազդրի ստորին երրորդականի վնասվածք է ստացել, վիճակը կայուն է, թերմոդինամիկան կայուն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այլ մանրամասներ ճշտեք ԱՆ խոսնակից»,- տեղեկացրել է Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Շաքի բնակավայրում ադրբեջանցի է մտել և կրակել բնակիչներից մեկին։

Ավելի ուշ ԱԱԾ-ն հաստատեց տեղեկությունը՝ գրելով․ 

«Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ 

Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։  

Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ»։

Leave a comment