Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման բարելավում կա (PAN.am)

Հայաստանում մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիսը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է հիվանդության վաղ հայտնաբերման և պետական բուժման ծրագրի ցուցանիշները։

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման բարելավում է նկատվում:

«Հայաստանում վերջին տարիներին նկատվում է հիվանդության վաղ փուլերում հայտնաբերման զգալի առաջընթաց․ 2018–2024 թվականներին I–III փուլերում հայտնաբերված դեպքերի մասնաբաժինը 60%-ից հասել է 87%-ի։ Միաժամանակ IV փուլում հայտնաբերված դեպքերի թիվը նվազել է՝ 454-ից հասնելով 209-ի։

2025 թվականին Հայաստանում արձանագրվել է 1478 նոր դեպք։ Թեև նախորդ տարվա համեմատ նոր դեպքերի թիվը նվազել է 9․5%-ով, հիվանդության կանխարգելումն ու վաղ հայտնաբերումը շարունակում են պահանջել հետևողական աշխատանք։

Պետության կողմից շարունակվում է նաև կրծքագեղձի քաղցկեղի թիրախային բուժման հասանելիության ապահովումը։

2020 թվականից գործող տրաստուզումաբի պետական ծրագրի շրջանակում վերջին 5 տարիներին բուժում է ստացել 1277 պացիենտ։ Այս պահին ծրագրի շրջանակում բուժում է ստանում 208 պացիենտ։

2020–2025 թվականներին ծրագրին պետական բյուջեից հատկացվել է 4․1 մլրդ դրամ, իսկ 2026 թվականին նախատեսվում է ևս 670 մլն դրամ՝ 210 պացիենտի բուժման համար։

Կրծքագեղձի քաղցկեղի դեպքում վաղ հայտնաբերումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ։ Խրախուսում եմ կանանց չհետաձգել բժշկական զննություններն ու անհրաժեշտ հետազոտությունները և հետևել մասնագետների խորհուրդներին»,- հայտնել է նա։

Leave a comment