Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանն արձագանքել է նախկին հոգևորական Արման Սարոյանի հայտարարություններին՝ նշելով, որ Մայր Աթոռում պահվող երեք միջազգային փորձաքննությունների եզրակացությունները հաստատում են` Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունները կեղծ են: Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Ինձ ուղարկեցին Free News հեռուստաընկերությանը Արման Սարոյանի՝ կարգալույծ Գևորգի տված հարցազրույցից մի հատված, որտեղ Սարոյանը պնդում է, թե Մայր Աթոռում պահվում են միջազգային երեք փորձաքննությունների եզրակացություններ, որոնցով, իբր, հաստատվում է հայտնի տեսագրությունների իսկությունը։
Հանրությանը տեղեկացնում եմ՝ Մայր Աթոռում պահվող երեք միջազգային փորձաքննությունների եզրակացությունները հաստատում են ճիշտ հակառակը․ այդ տեսագրությունները կեղծ են։
Ավելին՝ այդ եզրակացությունները ոչ միայն պահվում են Մայր Աթոռում, այլև վաղուց հրապարակվել և դարձել են հանրության սեփականությունը։ Դրանց բովանդակությանը կարող է ծանոթանալ յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ Սարոյանը։
Դժվար է հասկանալ՝ Սարոյանը չի՞ ընկալում եզրակացությունների բովանդակությունը, թե՞ գիտակցաբար հանրությանը ներկայացնում է դրանց հակառակ իմաստը։ Երկու դեպքում էլ նրա տարածած պնդումը սուտ է։
Հ․Գ․ Սա կեղծիք ու սուտ տարածելու առաջին դեպքը չէ։ Ցավոք, հիմքեր չունեմ կարծելու, թե վերջինն է լինելու»,- հավելել է Բաբայանը։
Ավելի վաղ Բաբայանը հայտնել էր, որ ստացել է դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իր կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունների իսկությունը պարզելու նպատակով։ Նրա փոխանցմամբ՝ երեք տարբեր պետություններից ստացված փորձագիտական եզրակացությունները հաստատել են Սրբազանի այն պնդումը, որ նա առնչություն չունի տեսագրությունների բովանդակության հետ։
Դրանից հետո Քննչական կոմիտեից հայտնել են, որ վարույթից դուրս, առանց պատշաճ դատավարական հիմքի և նյութերի ամբողջական ուսումնասիրման ստացված ցանկացած գնահատական չի կարող դիտարկվել ոչ որպես ապացույց, ոչ որպես փորձագետի իրավաչափ կարծիք և չի կարող հիմք հանդիսանալ որևէ իրավական հետևության համար։