Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի ղեկավարին

Քաղաքականություն

01.10.2026 | 17:38

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի (USCIRF) նախագահ Ասիֆ Մահմուդին։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Աղոթքի նախաճաշ միջոցառման նպատակները, խաղաղության, մարդկային արժանապատվության և հանրային ծառայության գաղափարների շուրջ երկխոսության հնարավորությունները։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի ղեկավար Ասիֆ Մահմուդին։

Վարչապետը ողջունել է պարոն Մահմուդի այցը Հայաստան և շնորհավորել նրան ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հարցերով հանձնաժողովի (USCIRF) նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ասիֆ Մահմուդի մասնակցությունը Հայաստանի աղոթքի նախաճաշ միջոցառմանը և նշել, որ այն հնարավորություն է ընձեռում համախմբել տարբեր երկրների և կրոնական համայնքների ներկայացուցիչներին՝ խաղաղության, մարդկային արժանապատվության և հանրային ծառայության գաղափարների շուրջ։ Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ միջոցառման ընթացքում հաստատված կապերը կհանգեցնեն կայուն երկխոսության և գործնական համագործակցության։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի աղոթքի նախաճաշ միջոցառման, նպատակների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- ասված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում։

Leave a comment