«Բոլոր մտահոգությունները կիսում եմ, ամենայն խորությամբ վերլուծում ենք ԵԽԽՎ առաջարկները»․ Նիկոլ Փաշինյան

«ԵԽԽՎ զեկույցի հետ կապված ասեմ, որ ես բոլոր մտահոգությունները կիսում եմ։ Նաեւ առաջարկները, բնականաբար, ամենայն խորությամբ մենք կդիտարկենք, այս պահին վերլուծում ենք առաջարկները։ ԵԽԽՎ-ն այն կառույցներից է, որի առաջարկների իրականացումը երբեք վնաս չի բերի իմ կարծիքով, բայց որպեսզի փորձագիտական մակարդակով այդ հարցին անդրադառնանք, դրա համար թույլ տվեք փորձագիտական մակարդակով քննարկենք»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության վերջնական զեկույցին։

Փաշինյանը նշեց, որ ընտրություններից անմիջապես հետո իրենք արձանագրել են, որ մեր ընտրական համակարգում պետք է շատ լուրջ փոփոխություններ կատարվեն, որպեսզի այն իրադրությունները, որոնք ստեղծվել են, ինչ-որ ձեւով կամ բացառվեն, կամ դրանց ազդեցությունը զրոյականի հասցվի։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով զեկույցում տեղ գտած մտահոգություններին՝ կապված ԲՀԿ-ի ձայների եւ կրկնաքվեարկություն չանելու հետ, ինչի հետեւանքով ԲՀԿ-ն չանցավ խորհրդարան, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մենք ենք առաջինը մտահոգություն հայտնել այդ իրադրության հետ կապված։ Քաղաքացիական հասարակությունն է ահազանգել այդ իրադրության հետ կապված։ Մենք տեսել ենք, որ այդտեղ պրոբլեմ կա, այդ թվում՝ պետությունն այլ արձագանք էլ է տվել՝ քրեական գործ է հարուցել այդ կոնկրետ իրավիճակի հետ կապված։ Բայց մյուս կողմից՝ մենք պետք է հասկանանք, որ լեգիտիմ եւ օրինական ընտրություն կատարած քաղաքացիների շահերը չի կարելի ստորադասել մեկ կամ երկու դեպքի հետ առնչություն ունեցող քաղաքացիների շահերին»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment