«Եկեղեցու հարցով պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով, պետք է օրենսդրական փոփոխություններ լինեն»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ ժողովուրդը պետք է լիարժեք մասնակից լինի եկեղեցու կառավարմանը։
«Իմ պատկերացումն այն է, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հավատացյալները պետք է իրենց իրավունքներն իրացնելու երաշխիքներ ու լծակներ ունենան։ Եվ նրանք իրենք կհեռացնեն կաթողիկոսին»,- ասաց Փաշինյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է՝ Հայ Առաքելական եկեղեցին, ըստ այդ օրենսդրական փոփոխությունների, դառնա կառավարությանն առընթեր կառույց, եւ Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշումներ կայացնի այնտեղ, Փաշինյանը պատասխանեց․ «Օրենսդրական փոփոխությունները պետք է առաջին հերթին վերաբերվեն թափանցիկությանը եւ Եկեղեցու կառավարման ժողովականության սկզբունքի պարտադիր լինելուն»։
Նա նաեւ ասաց, որ ըստ այդ փոփոխությունների՝ քահանաների սոցիալական երաշխիքների համակարգը պետք է լինի պարտադիր։ Նրա խոսքով՝ այսօր քահանաները պետության որեւէ սոցիալական երաշխիքներից չեն օգտվում։
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրադառնալով Եկեղեցու վերաբերյալ կառավարության հրապարակած այսպես կոչված «զեկույցին» եւ հարցին, որ այնտեղ ներկայացված են տարբեր աղբյուրներին հղումներ, սակայն չկան ռուսական կողմի ազդեցության վերաբերյալ փաստեր, ինչի մասին այս իշխանությունները խոսում էին, Փաշինյանն ասաց․ «Զեկույցում ինչո՞ւ ենք հղում տվել տարբեր աղբյուրների՝ ցույց տալու համար, որ այդ ճգնաժամը մենք չենք ստեղծել, դուք եք գրել դրա մասին։ Այսինքն՝ մենք չենք այդ ճգնաժամի հեղինակը, որ ոմանք փորձում են ներկայացնել՝ կառավարությունն այսպես արեց, վարչապետն այնպես արեց»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: