«Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է»․ Փաշինյանը՝ պատերազմի զոհերի հիշատակը չհարգելու մասին

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ հարգանքի տուրք չմատուցեց 44-օրյա պատերազմի զոհերին, եւ ինչո՞ւ են պատերազմի տարելիցի օրերին «ֆեստիվառներ» ու համերգներ անցկացվում Հայաստանում։

«Նախ՝ 44-օրյա պատերազմի մասին ես 5 տարի անընդհատ խոսել եմ, այլեւս որեւէ նրբություն չկա, որի մասին չենք խոսել, նոր բան ասելու չկա։ Մեր պատմության մեջ էլի շատ օրեր կան, որոնց մենք անընդհատ չենք անդրադառնում, հատուկ անդրադարձ չենք կատարում։ Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր ենք սահմանել, եւ դա նրա համար է, որպեսզի այնպես չստացվի, որ տարբեր կերպ ենք վերաբերվում հայրենիքի համար զոհված մեր քույրերին ու եղբայրներին»,- ասաց նա։

Անդրադառնալով Հանրային հեռուստատեսությամբ սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի տարելիցին, համերգ հեռարձակելու հարցին՝ Փաշինյանն ասաց․ «Ուզում եմ հասկանալ՝ 8 տարի հետո կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է։ Իսկ մնացած օրերի՞ն՝ ապրիլյան քառօրյա պատերազմին, սեպտեմբերի 13-ին։ Պրոբլեմն այն է, որն մեր պատմությունը շատ ողբերգական օրեր ունի, եւ կարող է պարզվի, որ 365 օրերին մենք ողբերգություններով նշանավորված ենք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նիկոլ Փաշինյանն «անպատեհ» անվանեց Հանրային հեռուստատեսությամբ սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը։ Ասաց, որ ինքն էլ է փորձել պարզաբանումներ ստանալ։ Բայց հարցին, թե Հ1-ում այդ համերգի հեռարձակման համար պատասխանատվության ենթարկվողներ կլինե՞ն, չպատասխանեց։

Հարցին, որ ապրիլի 24-ին համերգներ չեն հեռարձակվում, իսկ ինչո՞ւ են պատերազմի տարելիցի օրերին հեռարձակվում, Փաշինյանը այսպես պատասխանեց․ «Ապրիլի 24-ը սահմանված է որպես հիշատակի օր։ Հանրային հեռուստատեսության պարզաբանումն էլ այդպես, որ իրենք, ըստ ամենայնի մի քիչ էլ ավտոմատի վրա դրված, առաջնորդվում են օրենքով»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment