Քաղաքական բազմազանությունը ճնշող երկրում կազմակերպվում է կենսաբանական բազմազանության պահպանման նվիրված խորհրդաժողով։ Դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Երևանում COP 17 գագաթնաժողովի անցկացմանը։
«Շուտով մեկնարկում է COP17 գագաթնաժողովը: COP 17-ը ՄԱԿ-ի էկոլոգիական կոնվենցիաներից կենսաբանական բազմազանության անհրաժեշտության պահպանման ու դրա անհրաժեշտության մասին է։ Այստեղ ճակատագրի դառը հեգնանք կա, քաղաքական բազմազանությունը ճնշող երկրում կազմակերպվում է կենսաբանական բազմազանության պահպանման նվիրված խորհրդաժողով»,- ասաց Ա. Աշոտյանը։
Ընդդիմադիր գործչի խոսքով՝ Հայաստանում ճնշվում են բազմակարծությունն ու բազմակուսակցականությունը, միաժամանակ փորձ է արվում թելադրել պետական գաղափարախոսություն, մինչդեռ քաղաքական բազմազանությունը վտանգված է։
«Այսինքն մի երկրում, որտեղ բազմակարծությունը, բազմակուսակցականությունը ճնշվում է, որտեղ պետական գաղափարախոսություն են փորձում թելադրել այսօրվա իշխանությունները և քաղաքական բազմազանությունը վտանգված է, կազմակերպվում է կենսաբանական բազմազանության միջազգային կոնֆերանս: Այսինքն այս օրերին Հայաստանում ջունգլիների թիթեռ լինելը ավելի ապահով է լինելու, քան ենթադրենք Հանրապետական կամ Դաշնակցական լինելը»,- ասաց Աշոտյանը:
Աշոտյանը նշեց, որ ներկայումս ազգային օրակարգով առաջնորդվող քաղաքական ուժի ներկայացուցիչ լինելը խնդիր է։
«Այսինքն, ազգային օրակարգով առաջնորդվող քաղաքական ուժերի ներկայացուցիչ լինելը վատ է, բայց ենթադրենք ամազոնյան տրոպիկական անտառներում ինչ-որ որ որդուկի, բազմազանության պահպանման հետ կապված լուրջ քննարկումներ են այստեղ տեղի ունենում»,- ասաց Աշոտյանը։