ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է ԵԽԽՎ-ում ՔՊ-ական պատգամավորների պահվածքին՝ Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ քննարկումների համատեքստում։
«Եթե մարդն անդաստիարակ է իր տանը, անդաստիարակ է նաև հյուր գնալուց։ Այդ պատգամավորների պահվածը զարհուրելի էր այն աստիճանի, որ ստիպեց իրենց համակրող քաղաքական ինստիտուտում դիտողություն ստանալ։ Դա, իրոք, անդաստիարակության նշան է և բարոյական անկման հերթական ցուցանիշը», – լրագրողների հետ զրույցում նշեց Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահն անդրադարձավ նաև ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցին։
«Տարբեր կարծիքներ տեսա դաշտում։ Ակնհայտ էր՝ խախտումներն այնքան շատ էին, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը սեփական երեսը փրկելու համար չէր կարող դրանք չարձանագրել։ Այստեղ որևէ քաղաքական դիրքորոշման փոփոխություն փնտրել պետք չէ։ Դրանք ճշմարտության մի մասն են։ Պարզապես այս տարիներին այնքան են անտեսել Հայաստանում տիրող իրավիճակը, մարդու իրավունքների նահանջը, քաղաքական հետապնդումները, որ մի բառ ասում են, միանգամից ոգևորվում ենք»,-հավելեց նա։