Կան գրողներ, որոնց համար գրականությունը պարզապես պատմություն պատմելու միջոց չէ։ Այն հիշողության դաշտ է՝ անձնականի ու ազգայինի, սիրո ու կորստի, անցյալի ու դեռ չգրված ապագայի միջև։ Մարգարիտ Դերանցի գրական աշխարհը հենց այդպիսին է: Մարդու ճակատագիրը հաճախ հանդիպում է ժամանակի մեծ ցնցումներին, իսկ հիշողությունը դառնում է ապագայի հանդեպ պատասխանատվություն։
Արձակագիր Մարգարիտ Դերանցի ստեղծագործությունները թարգմանվել և հրատարակվել են տարբեր լեզուներով։ Վերջերս Թուրքիայում լույս է տեսել նրա «Սեր լուսնեզրին» վեպը, որի կենտրոնում քառասնամյա գրող կնոջ կյանքն է՝ Խորհրդային Միության փլուզման և դրան հաջորդած աշխարհաքաղաքական ու հասարակական կտրուկ փոփոխությունների համապատկերում։ Վեպում սիրո և լքվածության, կնոջ և տղամարդու հարաբերությունների, գրականության և օտարացման պատմությունները միահյուսվում են ժամանակի հոգեբանական ու բարոյական ճեղքերին՝ ստեղծելով ժամանակակից մարդու ներաշխարհի բազմաշերտ պատկերը։
–Ի՞նչ է փոխվել Ձեր գրական հայացքում, և դեպի ո՞ւր է շարժվում Ձեր ներկայիս գրականությունը։
-Եթե ցանկանում են երկրի երեսից ջնջել քո ծննդավայրի և հայրենիքի պատմությունը, ապա կեղծ ժամանակակից լրատվամիջոցներին հակակշիռ օդի պես անհրաժեշտ է դառնում ճշմարիտ, անկողմնապահ գրականությունը։ Այս պարագայում, շնորհապարտ եմ ռուս մեծ գրող, պոետ, հրապարակախոս, հայտնի «Литературная газета»-ի գլխ. խմբագիր Մաքսիմ Ադոլֆովիչ Զամշեվին ռուսական «Слово к слову 1-2026» ամսագրում իմ գրականության մասին հետևյալ գնահատանքի համար. «Մարգարետ Դերանցը հաջողությամբ արտացոլում է իր ներաշխարհի հիշողության դաշտը՝ գալով անցյալի խորխորատներից, նախապապերի, նախատատերի ճակատագրերից, ընտանիքի արյան շրջանառությունից մինչև ժառանգական ճառագայթներ, խորանալով հարյուրամյա դարերի խորքը, ստեղծելով մի գրականություն, որ դառնում է իր ժողովրդի դարավոր հիշողությունների շտեմարանը»։
Գենետիկ կոդի փնտրտուք, որտեղ նախնիների ստվերները իրենց անտեսիլ ներկայությամբ մեզ հետամուտ են լինում։…Մարդկային հիշողությունը, որ իր անցողիկության հետ հավերժական է, որովհետև կարողանում է իր մեջ կրել ոչ միայն անցյալը, այլ այն պահը, որը տեղի կունենա ապագայում։ Եվ այս վեջին մտքիս եզրահանգումն այն է, որը մի այլ առիթով արդեն նշել եմ, որ գրականությունը նաև օգնում է Արցախի հայերի հանդեպ ՍՍՀՄ-ի կողմից ամրագրված կեղծ սահմանների և Արցախի հայերի հանդեպ պատմական արդարությունների վերականգմանը կամ ինչպես մեկ ուրիշ առիթով ընդգծել եմ` «Ճշմարիտ գրականությունը նաև կարող պատմություն կերտել»։
–Ի՞նչ է Ձեզ համար նշանակում գրողի՝ միջազգային գրական դաշտում ներկայություն ունենալը։ Արդյոք դա միայն թարգմանվելն ու արտերկրում հրատարակվե՞լն է, թե՞ ավելի լայն գործընթաց:
-Շատ բնական է, որ գրողները երազում են թարգմանվել, հնարավորինս տարբեր լեզուներով և միջազգային գրական հարթակներում գործուն դեր ունենալ։ Եվ դա ավելի շատ խոսում է տվյալ գրողի էգոյի մասին, որը, ըստ էության խիստ տրամաբանական ինքնաներկայացում է, նաև բնական, քանի որ շուկայական հարաբերությունները տարածվել են ոչ միայն ապրանքանյութական արժեքների ասպարեզում, այլև նաև մշակութային ոլորտներում, մասնավորապես նաև ժամանակակից գրականությունում։ Եվ ժամանակակից սոցիալական ցանցերը, կարող ենք նաև մեծ մի շուկա համարել, որտեղ գնվում և վաճառվում է ամեն ինչ…
Եթե գրողը միայն փնտրում է իր փառքը, այսինքն` կենտրոնացած է լոկ միայն իր հաջողության, թարգմանվելու և հայտնի դառնալու վրա, ապա ըստ իս անիմաստ են և սին են նրա ջանքերը։ Դա նշանակում է, որ այդպիսի գրողը, որպես անհատականություն հասարակական կարծիքին շատ մեծ տեղ է տալիս, քան իր կոչմանը։ Բայց փառք տիրոջ ճշմարիտ գրողների համար, որոնք բարձր են կանգնած հասարակական կարծիքից, որպես անհատականություններ հանդես ենք գալիս, որպես սեփական ժողովրդի խիղճ, և մի ամբողջ կյանք խոնարհորեն մշակում և պահպանում են` Վերինի կողմից այս աշխարհում իրեն վստահված և ստանձնած գեղեցիկ այգին` կարևորելով իրենց գրողական առաքելությունը, պատասխանատվությունը, գաղափարները, գրականության տեսլականը և այլն։
–Հայ գրողի համար որքանո՞վ է դժվար դուրս գալ հայալեզու գրական տարածքից և ներկայանալ միջազգային հարթակներում։
– Ընդհանրապես հայ ժամանակակից գրողը շատ պատնեշներ է հաղթահարում. կարծում եմ շքեղություն է հայ գրողի համար գրական գործակալ ունենալը, ուստի գրողը, որի մենաշնորհը ստեղծագործելն է, ստիպված ինչ-որ կերպ գովազդում է իր ստեղծագործությունները, զբաղվում է սահմանափակ տպաքանակով տպված գրքերի մարքետինգով և հաճախ գրքի հաջողությունը կախված է հենց գրողի ակտիվությունից։
Հաճելի անակնկալ էր ինձ համար «Սեր լուսնեզրին» վեպի թուրքերեն հրատարակչությունը, ուստի օդի պես անհրաժեշտ է ՀՀ-ում գրական գործակալության կարևորությունը, և պետական կառույցների հովանավորությունը։ Փափագում եմ, որ հայ ժամանակակից տաղանդավոր գրողների շարքում հայտնվի ամենատաղանդավորը, որը կանցնի ռուբիկոնը և կհաղթահարի Նոբելյանի անհաս բարձունքը։ Ազգովի` արժանի ենք, որի համար մեծ ջանքեր և միաբանություն է պահանջվում և պետական հատուկ քաղաքականություն։
–Ձեր գրական ճանապարհին եղել են տարբեր փուլեր։ Այսօր, հետ նայելով արդեն ստեղծված գրականությանը, ինքներդ Ձեզ ո՞ր փուլում եք տեսնում որպես գրող։
-2020թ. պատերազմից և կապիտուլյացիայից հետո իմ կողմից գրվեց «Գմբեթավոր հովանոցը» վեպը, որը նվիրված էր արցախյան բոլոր աշխարհամարտերին և Արցախի պատմության վերջին հարյուր տարվան։ Վեպը տպարան է մտել 2022 թ․ դեկտեմբերին, երբ ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակվեց Շուշի քաղաքի հատվածում: Արցախը վերածվեց մայր Հայաստանից կտրված, անհույս ու անժամկետ շրջափակված, լեռների մեջ կորած երկրամասի, որի բնակիչները, չնայած դաժանագույն պայմաններին, չէին հանձնվում։ Գիրքը դուրս եկավ տպարանից 2023 թ․ օգոստոսին։ Իսկ երկու ամիս անց՝ տեղի ունեցավ, վերը նշված ողբերգական դեպքերը։
Արցախյան էթնիկ բնակչության բռնի ու լայնածավալ տեղահանումների ողբերգական դեպքերի առթիվ 2023 թ․ սեպտեմբերի վերջին Հայաստանում պաշտոնապես կասեցվել էին բոլոր մշակութային միջոցառումները։ «Գմբեթավոր Հովանոցը»-ը հայերեն գրքի համար բացառություն արվեց։ Սեպտեմբերի 26-ին Երևանում ՀԳՄ-ում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը։ Սա նաև առիթ էր, որ գրողները, մտավորականները համախմբվեն՝ օգնության ձեռք մեկնելու Հակարի կամրջով անցնող տառապյալ իմ համաերկրացիներիս։
Սովորաբար երկու տարին մեկ ծնվում էր իմ նոր գիրքը։ Չորս տարի ես լուռ եմ։ Այո՛, մենք ազգովի անցանք աներևակայելի տառապանքով, որ Արցախի կորուստն է։ Ուստի հարկավոր էր ուղղակիորեն նայել տառապանքին` նույնիսկ կոտրվելու կամ արցունքները զսպել չկարողանալու վտանգի գնով։ Եվ կարիք չկա ամաչելու այդ արցունքներից. դրանք վկայում են քաջության բարձրագույն դրսևորման` տառապելու քաջության մասին։ Ես հայտնվել եմ գրական փակուղու մեջ, և կարող եմ միայն գրել կորուսյալ Հայրենիքիս, իմ սիրելի Արցախի մասին։ Ուստի հաջորդ տարի ծնվելու իմ ծննդավայրի, մանկությանս` սիրելի Արցախիս նվիրված հաջորդական ութերորդ գիրքը։
Զրուցեց Վ. Արզումանյանը
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: