Հայաստանի տնտեսական ակտիվության 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսների՝ 7,3 տոկոս կուտակային տնտեսական ակտիվության աճը շարունակում է մնալ համեմատաբար բարձր ցուցանիշ՝ հատկապես այն տարածաշրջանային և գլոբալ միջավայրի պայմաններում, որտեղ անորոշությունները, աշխարհաքաղաքական տեղաշարժերը, անվտանգային ու տնտեսական ռիսկերը շարունակում են էական ազդեցություն ունենալ փոքր տնտեսությունների վրա։
Սակայն տնտեսական վիճակի առավել մանրամասն դիտարկումը ցույց է տալիս, որ թվային առումով դեռևս բարձր աճի տակ աստիճանաբար ձևավորվում է դանդաղման միտում, որը միայն ամսական վիճակագրական տատանում չէ, այլ կարող է վկայել տնտեսության ներսում կուտակված կառուցվածքային սահմանափակումների, որոշ ոլորտներում աճի պաշարի սպառման, արտաքին և ներքին պահանջարկի անհամաչափության, ինչպես նաև տնտեսական ակտիվության շարժիչ ուժերի նեղացման մասին։ Այս միտումը առավել մանրամասն պատկերում է «Լույս» հիմնադրամի օրերս հրապարակած վերլուծությունը՝ ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները հունվար-օգոստոս ամիսներին։
Օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշի 12-ամսյա աճը կազմել է 5,2 տոկոս՝ հուլիսի 6,5 տոկոսի դիմաց, և հենց այս տարբերությունն է, որ կարևոր է դարձնում ոչ թե միայն ընդհանուր տարեկան կամ կուտակային ցուցանիշի արձանագրումը, այլ դրա ներքին տրամաբանության բացահայտումը։ Երբ մեկ ամսվա ընթացքում ՏԱՑ-ի տարեկան աճի տեմպը նվազում է 1,3 տոկոսային կետով, իսկ հունվար-օգոստոս ամիսների կուտակային աճը հունվար-հուլիսի 7,8 տոկոսից իջնում է 7,3 տոկոսի, կարելի է ասել, որ տնտեսության բարձր ակտիվությունը շարունակում է պահպանվել հիմնականում նախորդ ամիսների ընթացքում կուտակված դրական արդյունքի հաշվին, մինչդեռ ընթացիկ դինամիկան արդեն ավելի զգուշավոր է դառնում։ Այսինքն, տնտեսությունը դեռ աճում է, բայց այդ աճի արագությունը նվազում է, և այդ հանգամանքը տնտեսական քաղաքականության համար ավելի կարևոր ազդանշան է, քան միայն այն փաստը, որ աճի ցուցանիշը դեռևս դրական և համեմատաբար բարձր է։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: