Սեպտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ կազմված զեկույցը հրապարակվեց, իր խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցում առկա «ճգնաժամի» վերաբերյալ։ Այն կազմել էր վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Հրապարակի» հետ զրույցում սա անվանեց Եկեղեցու դեմ պատերազմի հերթական փուլ։ «Իրենց ողջ մտավոր, բարոյական, ինտելեկտուալ խեղճությունը ցուցադրող փաստաթուղթ է։ Այդ փաստաթղթի հետեւում երեւում են որոշ տիրադավների ու որոշ կարգալույծ հոգեւորականների ականջները, բայց նրանք էլ չեն փայլում ինտելեկտով։ Դա խղճուկ, խեղճուկրակ, փութանակի էլ չի՝ հապշտապ չի, բավականին ժամանակ են ծախսել, բայց, վերջիվերջո, խելք է պետք ունենալ՝ լավ փաստաթուղթ կազմելու համար։ Իրենց խեղճությունը, անորակությունը, անմակարդակությունը ցուցադրող փաստաթուղթ է, որտեղ ոչինչ չկա հիմնավոր։ Առավել եւս այդ ճանապարհային քարտեզը խոսում է իրենց ողջ դատարկության եւ տեսլականի բացակայության մասին։ Եվ, ինչպես ասացի, որոշ տիրադավների ականջներն են երեւում դրա հետեւում, որովհետեւ որոշ տիրադավներ իրենց անուն-ազգանունը լավ գրել չեն կարողանա, էլ ուր մնաց փաստաթուղթ կազմեն, դրա համար ասում եմ՝ որոշ, բոլորը չէ, որ մասնակցել են։ Եվ մի երկու կարգալույծներ կան, որոնք իրենց դրել են դոկտոր- պրոֆեսորների տեղ եւ ցուցադրել են իրենց խեղճուկրակությունը, բայց իրենք վստահ են եղել այն իմաստով, որ այդ խեղճուկրակ փաստաթուղթն ազդեցություն կգործի ինտելեկտ չունեցող կամ նվազ ինտելեկտ ունեցող մասսայի վրա, որոնք իրենց հիմնական բազիսն են»։ Զեկույցում ներկայացվածը ասեկոսեներ են, դատարկաբանություններ՝ նշում է սրբազանն ու հավելում, որ զեկույցի հեղինակներն անմիտ, անխելք, անճար ճանապարհային քարտեզ են կազմել։
Մեր հարցին, թե Եկեղեցին ինչպես պետք է այս զեկույցին պատասխանի, Միքայել սրբազանն ասաց, որ Եկեղեցին դրան հատուկ պատասխանելու կարիք չունի։ Հրապարակայնորեն պետք է ցույց տալ այդ փաստաթղթի խեղճությունը, փաստարկների բացակայությունը, այդ բոլոր՝ իբրեւ թե փաստերի հիմնազուրկ լինելը, եւ իր ակտիվ նախաձեռնողական քաղաքականությամբ կամ նախաձեռնողական գործողությամբ՝ օրենքի շրջանակներում պետք է անի նախաձեռնող քայլեր՝ չեզոքացնելու այն բոլոր հարձակումները, որոնք կլինեն եւ լինելու են, որովհետեւ այս նեոբոլշեւիկները լուրջ հրահանգներ ունեն։ Նա վստահ է, որ այս նեոբոլշեւիկների հարձակումները շարունակվելու են։ Իսկ որտեղի՞ց են գալիս հրահանգները։ «Որտեղից որ վարչապետի պաշտոնը ստանձնած անձը դրվատեց այդ փաստաթուղթը․ որտեղի՞ց դրվատեց, որտե՞ղ էր գտնվում, որ հասցրեց այդ փաստաթուղթը կարդալ, դրվատել։ ԱՄՆ-ի հետեւում Թուրքիա չե՞ք տեսնում եւ Թուրքիայի հետեւում Միացյալ Նահանգներ չե՞ք տեսնում; Պատահակա՞ն էր, չէ՞ր կարող երկու օր համբերել, հասնել Հայաստան, Հայաստանում ծանոթանալ փաստաթղթին եւ նոր իր դրվատանքն ասել։ Այդ ՊՈԱԿ-ը չէ՞ր կարող սպասել եւս երկու օր, մինչեւ կվերադառնար, եւ նոր հրապարակեր այդ փաստաթուղթը։ Նշանակում է՝ ինչ-որ մեկին նաեւ այնտեղ էր պետք այս փաստաթուղթը»։ Դրա նպատակն է՝ ցույց տալ, որ իրենք ճշգրիտ կերպով կատարում են այն, ինչի համար բերվել են իշխանության, որ իրենք լավ են կատարում իրենց հանձնարարվածը։
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: