ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինային աջակցության շարունակումը


ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կայացած հանդիպմանը քննարկել են դաշինքի պաշտպանության ամրապնդումը և Ուկրաինային աջակցության շարունակումը:


Նիստի բացմանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշնակիցների պաշտպանական ծախսերը զգալիորեն ավելացել են: Նա հայտնել է նաև «Արկտիկական ժամապահ» առաքելության մեկնարկի մասին՝ հաշվի առնելով Ռուսաստանի ռազմական ակտիվությունն Արկտիկայում և Չինաստանի աճող հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ:


Ռյուտեն նաև կարևոր է համարել շարունակել «Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ» նախաձեռնությունը, որի միջոցով Կիևի գործընկերներն Ուկրաինայի համար ամերիկյան սպառազինություն են գնում:


Ի դեպ, հենց այս ծրագրի շրջանակում Մեծ Բրիտանիան 150 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի Ուկրաինային: Ըստ Բրիտանիայի պաշտպանության նախարարի՝ Լոնդոնը Կիևին կմատակարարի նաև 1000 թեթև բազմաֆունկցիոնալ հրթիռ՝ 390 միլիոն ֆունտ ստեռլինգի գործարքի շրջանակում:


Նիստի ընթացքում Մարկ Ռյուտեն հանդիպել է նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայլո Ֆյոդորովի հետ: Ռյուտեի խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն աշխատում են Ուկրաինային հնարավորինս ամուր անվտանգության երաշխիքներ տրամադրելու ուղղությամբ:

Դիտումների քանակ2

Leave a comment