Այսօր տեղի ունեցած «18 արդարների» գործով դատական նիստին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, անդրադառնալով դատավոր Կարեն Ֆարխոսյանի որոշմանը, ըստ որի դատարանը չքննարկեց «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի փախանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը, նշել է․ «Ինձ համար առավել քան ակնալելի էր այն, ինչ տեղի է ունենում Վահագն Չախալյանի հետ։ Մինչև հիմա էլ անհասկանալի է, թե ինչպես է պատահում 18 հոգու նույնական մեղադրանք է ներկայացվում, ստորակետներով հանդերձ, բայց տարբեր որոշումներ են կայացվում»։
Նա նշել է, որ այսօր պատժվում է ոչ թե Չախալյանը, այլ նրա ընտանիքը։
«Մենք պաշտպանված չենք. մարդիկ անմեղության կանխավարկածներ են խախտում, դատարանի վրայով են անցնում, դատական գործընթացի մեջ գտնվող գործի վերաբերյալ տեղի է ունենում ուղղորդում, հրահանգավորում, թելադրանք»,- ասել է Սրբազանը։
Անդրադառալով դատական գործի մասին Նիկոլ Փաշինյանի, տարբեր պաշտոնյաների հայտարարությունների, Սրբազանն ասել է. «Մեկը, ով ինքն իր վարքով ծայահեղ տոտալիտար աղանդավորական դրսևորում ունի, ինձ մեղադրում է գործակալ լինելու մեջ, ում խմբակում անուն-ազգանունով հայտնի գործակալ կա, որը չի հերքվել։
Մի մարդ է մեզ մեղադրում, ով Արցախ է հանձնել, վաճառել, բազմաթիվ զոհերի, վիրավորների, անհետ կորածների պատճառ է դարձել, մի մարդ, ում պատճառով Հայաստան աշխարհը դարձել է էքսպերիմենտների օջախ, մի մարդ, ով սանձարձակություն ունի բոլոր առումներով եկեղեցու դեմ արշավի, մի մարդ, ում այս բոլորի համար պարգևի են արժանացրել Աբու Դաբիում, մի մարդ, որը պարգևավճարների պաշտամունք ունի։ Սրան ոչ ոք չի արձագանքում»։
Սրբազանը նաև նշել է, որ իրենց իրավունքները պաշտպանված չեն, որովհետև Փաշինյանն ուղիղ եթերում կարդաց հոդված, որով զբաղվում են իրավապահ մարմինները։
«Ասում են՝ ռադիկալ իսլամիզմի են նման, պետություն են՝ պետության մեջ։ Սա ասում է մեկը, որ տոտալ աղանդավորական գործունեությամբ է զբաղվում։ Ասում է՝ ժողովուրդը մերժեց մեզ։ Ժողովուրդը չմերժեց, ժողովրդին դո՛ւ ռմբահարեցիր ու բանտարկեցիր»։
Նա հավելել է, որ այս գործը երբևէ ահաբեկչության հետ կապ չի ունեցել։ Սա մի մարդու վախերի արտացոլումն է միայն։