«Կտրականապես հերքում ենք որևէ քաղբանտարկյալի առկայությունը»․ Պեսկով

Քաղաքականություն

30.09.2026 | 18:21

Կրեմլը ԱՄՆ իշխանությունների հետ չի քննարկում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացման գաղափարը՝ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նման ձևակերպմամբ այդ թեման չի քննարկվել և չէր էլ կարող քննարկվել, քանի որ մենք կտրականապես հերքում ենք որևէ քաղբանտարկյալների գոյությունը և կարծում ենք, որ հարցի նման ձևակերպումը բացարձակապես անտեղի է: Ինչ վերաբերում է  դրանից առաջ տեղի ունեցած տարբեր փոխանակումներին, ապա մեր հատուկ ծառայությունները շարունակում են այդ հարցի շուրջ կանոնավոր շփումները»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նախօրեին The Atlantic-ը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մեղմացման գաղափարին՝ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց։ Լրագրող Սայմոն Շուստերի տեղեկություններով՝ նման սխեմա առաջարկել է հատուկ բանագնաց Ջոն Քոուլը, որը Բելառուսում հասել է շուրջ 500 քաղբանտարկյալների ազատ արձակման՝ պատժամիջոցների թուլացման դիմաց։

Իրավապաշտպան «Մեմորիալ» կազմակերպության տվյալներով՝ ներկայում Ռուսաստանում քաղբանտարկյալների ցուցակում ընդգրկված է 1,368 անուն։ Իրավապաշտպանները նախազգուշացնում են, որ այդ ցուցակն ամբողջական չէ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment