Հանրակրթական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 11-ը։
Անկախ դասավանդվող առարկաների թվից՝ ուսուցիչը հնարավորություն ունի կամավոր ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ՝ իր ընտրած առարկայից։ Գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի 596-Ն որոշման դրույթներին համապատասխան, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Կամավոր ատեստավորմանը դիմելու համար անհրաժեշտ է գրանցված լինել և հաշիվ ունենալ my.emis.am հարթակում։ Հաշիվ դեռ չունեցող դիմորդները կարող են գրանցվել համապատասխան ուղեցույցի օգնությամբ, որից հետո անհրաժեշտ է my.emis.am համակարգ մուտք գործել գրանցման ժամանակ օգտագործված տվյալներով։
Դպրոցներում արդեն աշխատող ուսուցիչները կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ունեն իրենց հաշիվները։ Նրանց օգտանունը նույնն է, ինչ էլեկտրոնային մատյանում օգտագործվողը, այսինքն՝ այն էլեկտրոնային հասցեն, որով ուսուցիչը մուտք է գործում էլեկտրոնային մատյան։ Օգտանունը կամ գաղտնաբառը մոռանալու դեպքում ուսուցիչը կարող է դիմել դպրոցի տեղեկատվական համակարգերի կառավարման մասնագետին՝ օպերատորին։
Կամավոր ատեստավորման հայտ կարող են ներկայացնել դպրոցներում դասավանդող ուսուցիչները, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ուսուցիչները, ինչպես նաև «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխան մասնագիտական կրթություն ունեցող, սակայն ուսուցիչ չաշխատող անձինք ու տվյալ առարկային հարակից մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցողները։
Դիմելու հնարավորություն ունեն նաև նախնական՝ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում հանրակրթական առարկաներ դասավանդող մասնագետները։
Հայտ կարող են ներկայացնել նաև «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցրած և բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժները։ Նրանք համապատասխան փաստաթղթերի հետ պետք է ներբեռնեն կրթությունը հաստատող փաստաթուղթ, մինչև 2023 թվականը հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի պաշտոն զբաղեցնելու փաստը հաստատող տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ՝ առկայության դեպքում, ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին իրավական ակտի պատճենները։
«Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետով սահմանված՝ տվյալ առարկային հարակից մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձինք պետք է ներկայացնեն նաև բուհի տեղեկանքը կրեդիտների վերաբերյալ։
Հայտերի լրացման մանրամասները ներկայացված են ուղեցույցներում: Հայտարարությամբ սահմանված վերջնաժամկետից հետո ուղարկված հայտերը չեն ընդունվելու։
Կամավոր ատեստավորումն ըստ առարկաների կազմակերպվում է էլեկտրոնային թեստավորման միջոցով՝ 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար։
5-12-րդ դասարաններում «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայ գրականություն» դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից։ «Մայրենի լեզու (քրդերեն)» և «Մայրենի լեզու և գրականություն (քրդերեն)» դասավանդողները թեստավորվում են միայն «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկայից։
«Հայաստանի պատմություն» և «Համաշխարհային պատմություն» դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Պատմություն» առարկայից, իսկ «Աշխարհագրություն» և «Հայաստանի աշխարհագրություն» դասավանդողները՝ «Աշխարհագրություն» առարկայից։
«Ինֆորմատիկա» և «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Ինֆորմատիկա» և, տարրական դասարանից սկսած, «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկաներից։ «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները ներառվում են մեկ թեստում։
1-4-րդ դասարաններում աշխատող դասվարների համար նախատեսվել է մեկ միասնական թեստ, որը ներառում է «Մայրենի», «Մաթեմատիկա» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաներից հարցեր։
5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայաստանի պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը և աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Բնագիտություն» («Բնություն»), «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» («Հայաստանի աշխարհագրություն»), «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Ինֆորմատիկա»՝ տարրական դասարանից սկսած «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն», «Հասարակագիտություն», «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Շախմատ» առարկաների ուսուցիչների և դասվարների ատեստավորումն անցկացվում է էլեկտրոնային թեստավորման եղանակով։
«Ասորերեն լեզու», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաների ուսուցիչների և խմբակավարների ատեստավորումն իրականացվում է թղթային տարբերակով։
«Բնագիտություն» («Բնություն»), «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը և աշխարհը» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորման նպատակով ընտրում են իրենց կրթական որակավորմանը համապատասխան առարկան։
Միաժամանակ հայերենով և ռուսերենով ուսուցմամբ դասարաններում դասավանդելու դեպքում դասվարի թեստը կազմվում է միայն հայերենով։
Ռուսերենով ուսուցմամբ դասարաններում աշխատող դասվարի համար թեստը կարող է կազմվել ռուսերենով։ Ուսումնական հաստատությունում նախարարության երաշխավորած դպրոցական բաղադրիչով առարկաներ դասավանդող ուսուցիչը կարող է ատեստավորվել տվյալ բնագավառի՝ ատեստավորման ցանկում ներառված առարկաներից որևէ մեկով՝ իր ընտրությամբ։