Հասարակություն
30.09.2026 | 17:33
Factor.am-ը ահազանգեր է ստացել, որ Մուրացանի հոսպիտալի պատերից զինվորների՝ երկու տարի առաջ հեռացված լուսանկարներն այդպես էլ չեն վերադարձվել։
Դեռ 2024 թվականին Factor.am-ը տեղեկություններ էր ստացել, որ Կենտրոնական կլինիկական զինվորական (Մուրացան) հոսպիտալի ադմինիստրացիայի 2-րդ հարկից հեռացվել են Արցախյան պատերազմում նահատակված զինվորների լուսանկարները։
Այն ժամանակ ՊՆ-ից Factor.am-ին հայտնել էին, որ Գլխավոր շտաբի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը բոլոր զորամասերի տեղեկատվության և ժամանցի սենյակներում իրականացնում է վերանորոգման աշխատանքներ, այդ թվում նաև տպագրական նյութերի, քանի որ ժամանակի ընթացքում դրանք մաշվում են:
Ըստ ՊՆ-ի՝ տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման մի շարք աշխատանքներ էին իրականացվում, իսկ Փառքի անկյուններում ոճային առումով արդիականացման աշխատանքներ արվում։
Factor.am-ը նախարարությունից հետաքրքրվեց՝ արդյո՞ք 2024 թվականին հոսպիտալից հեռացված լուսանկարները վերադարձվել են իրենց նախկին տեղերը։ ՊՆ նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը փոխանցեց, որ Մուրացանի հոսպիտալի խորհրդակցությունների դահլիճում նախկին պաշտոնատար անձանց լուսանկարներ են եղել, որոնք հետագայում փոխարինվել են տեղեկատվական նյութերով։
«Մուրացանի հոսպիտալում փառքի անկյուն երբևէ չի եղել, ուստի շահարկման որևէ առիթ ևս չկա։ Այս պահին փառքի անկյուններ կան բոլոր զորամասերում, նաև արդիականացվել են տեղեկատվության և ժամանցի սենյակները, որոնք պարբերաբար ցուցադրվում են ՊՆ հոլովակներում»,- ասաց ՊՆ նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Անի Թամրազյան