Վարդապետյանն ԱՊՀ նիստում անդրադարձել է արտերկրից ապօրինի ակտիվների վերադարձի խնդիրներին

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առցանց մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների նիստին՝ ելույթ ունենալով արտերկրից ապօրինի գույքի վերադարձի թեմայով։

Նա նշել է, որ ժամանակակից հանցավորության անդրսահմանային բնույթը պետությունների համար նոր մարտահրավերներ է առաջացրել։ Ապօրինի ճանապարհով ձեռք բերված ակտիվները կարող են տեղափոխվել տարբեր երկրներ, գրանցվել փոխկապակցված անձանց անուններով և վերափոխվել գույքի այլ տեսակների։

«Այս պայմաններում ակտիվների վերադարձը պետք է դիտարկել որպես համալիր գործընթաց՝ դրանց հայտնաբերումից և հետագծումից մինչև սառեցում կամ առգրավում, դատական քննություն, բռնագանձում, կառավարում և փաստացի վերադարձ»,- ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազը:

Նա հավելել է, որ քրեական հետապնդման անհնարինությունը չպետք է ինքնաբերաբար նշանակի ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձի անհնարինություն։

Այս համատեքստում հանրապետության գլխավոր դատախազն անդրադարձել է առանց մեղադրական դատավճռի ակտիվների բռնագանձման մեխանիզմին։ Աննա Վարդապետյանը ներկայացրել է Հայաստանի փորձը՝ նշելով, որ 2020 թվականին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունմամբ ստեղծվել է իրավական հիմք՝ ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձի համար ինքնուրույն քաղաքացիաիրավական մեխանիզմ կիրառելու նպատակով։

Կարևորելով միջազգային իրավական փոխօգնության արդյունավետությունը՝ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ միջազգային համագործակցությունը պետք է մեկնարկի դեռ ակտիվի հայտնաբերման և հետագծման փուլում՝ հնարավորություն ստեղծելով այն օպերատիվ կերպով սառեցնել, առգրավել ու պահպանել մինչև ազգային դատական գործընթացի ավարտը։

Աննա Վարդապետյանն անդրադարձել է նաև Եվրոպայի խորհրդի Վարշավայի կոնվենցիայի և 2026 թվականին ընդունված դրա լրացուցիչ արձանագրության նշանակությանը։ Նա ընդգծել է, որ արձանագրության մշակման գործընթացին անմիջական մասնակցություն են ունեցել ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները։

ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նաև միջազգային համագործակցության ընթացքում ի հայտ եկող խնդիրները։ Դրանք կապված են տարբեր պետությունների իրավական համակարգերի միջև եղած տարբերությունների, քաղաքացիաիրավական բռնագանձման համանման մեխանիզմների բացակայության, ինչպես նաև ոչ պաշտոնական եղանակով ստացված տեղեկատվությունը հետագայում որպես ապացույց օգտագործելու սահմանափակումների հետ։

Աննա Վարդապետյանն այս ուղղությամբ կարևորել է միջազգային համագործակցության հետագա զարգացումը՝ առանձնացնելով ակտիվների վերաբերյալ տեղեկատվության արագ փոխանակումը, գույքի օպերատիվ սառեցման և առգրավման մեխանիզմների կատարելագործումը, մինչև վերջնական դատական որոշման ընդունումը միջազգային իրավական փոխօգնության հնարավորության ապահովումը, դատական ակտերի փոխադարձ ճանաչումն ու կատարումը, ինչպես նաև բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարումը։

Ամփոփելով իր ելույթը՝ Աննա Վարդապետյանը նշել է, որ ներկայում ակտիվների վերադարձն այլևս միայն քրեական գործընթացի ավարտից հետո գույքի բռնագանձման հարց չէ։

«Սա համալիր գործընթաց է, որը սկսվում է ակտիվի հայտնաբերումից, դրա գտնվելու վայրի տեղորոշումից, հետագծումից և ավարտվում ակտիվի փաստացի վերադարձով։ Մեր ընդհանուր նպատակն է ապահովել, որպեսզի ակտիվի հայտնաբերման և դրա փաստացի վերադարձի միջև իրավական վակուում չառաջանա»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը։

Leave a comment