«Մեզ մեղադրում է մարդ, որը Արցախ է հանձնել, բազմաթիվ զոհերի, վիրավորների և անհայտ կորածների պատճառ է դարձել»․ Բագրատ սրբազան

Բագրաատ սրբազանը ցավով նշեց, որ ոչ մեկ չի արձագանքում, երբ մարդիկ անմեղության կանխավարկած են խախտում, դատարանի վրայով են անցնում․ «Կներեք, որ այդպես եմ ասում, դատական գործընթացներում գտնվող գործի վերաբերյալ ուղղակի ուղղորդում հրահանգավորում, թելադրանք է իրականացնում»։

«Ինձ համար առավել քան ակնկալելի է այն, ինչ տեղի է ունենում պարոն Չախալյանի հետ և մինչև հիմա անհասկանալի՝ ինչպե՞ս է պատահում, որ այսպես կոչված արդարադատությամբ ապրող երկրում 18 հոգու նույնական մեղադրանք է առաջադրվում, բայց տարբեր որոշումներ»,-Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմանը՝  չքննարկել Վահագն Չախալյանի կալանքի փոփոխության հարցը։

Բագրատ սրբազանը մինչ իր ելույթը բոլորին շնորհավորեց Վարդանանց տոնի կապակցությամբ։Ըստ նրա՝ այսօր պատժվում է ոչ թե Վահագն Չախալյանը, այլ նրա ընտանիքը․ «Դրա հիմքերը կան, քանի որ վերջին մեկ շաբաթվա մեջ ասել եմ, որ մեզ հնարավորություն չի տրված, և մենք պաշտպանված չենք ոչ մի կերպ։ Մարդիկ անմեղության կանխավարկած են խախտում, դատարանի վրայով են անցնում, կներեք, որ այդպես եմ ասում, դատական գործընթացներում գտնվող գործի վերաբերյալ ուղղակի ուղղորդում հրահանգավորում, թելադրանք»։

Անդրադառնալով Մոսկվայում Ալեն Սիմոնյանի և Ստրասբուրգում Արարատ Միրզոյանի հայտարարություններին՝  Բագրատ սրբազանն ասաց․ «Մեկ շաբաթ առաջ մարդ, որը հայտնի է մեր հասարակությանը՝ մարդկանց վրա թքելով, Մոսկվայում, նախորդը՝ Ստրասբուրգում, խոսում է այս դատական ընթացքի մասին՝ ասելով, որ էս մարդիկ մեղադրվում են ոզնիներ գործածելու և այլնի մեջ։ Մարդ, որը հայտնի է հասարակությանն իր վարքով մարդկանց վրա թքելու պատճառով․ ուրիշ արժանիք ու կենսագրական տվյալ չկա։ Սրան ոչ մի արձագանք ոչ ՄԻՊ-ի կողմից, ոչ դատարանի»։

Հանրայինի եթերում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին էլ ասաց․ «Ինձ ռադիկալ իսլամիստ է համարում մեկը, որն իր վարքով տոտալիտար աղանդավորական դրսևորում ունի ամբողջությամբ։ Մեղադրում է մի անձ գործակալ լինելու մեջ, ում խմբակում անուն ազգանունով գործակալ կա, որը չի հերքվել։ Մեզ մեղադրում է՝ ասելով, որ ժողովուրդը մերժեց, ժողովուրդը չմերժեց, դու ժողովրդին ռմբահարեցիր, բանտարկեցիր խաղաղ ցուցարարներին օտար զավթիչի պես։ Մեզ մեղադրում է մի մարդ, որը Արցախ է հանձնել, բազմաթիվ զոհերի, վիրավորների և անհայտ կորածների պատճառ է դարձել։ Մի մարդ, ում պատճառով իմ երկիրը դարձել է փորձերի օջախ, մի մարդ, որը սանձարձակություն ունի բոլոր առումներով հայ եկեղեցու դեմ արշավի, մի մարդ, ում էդ բոլորի համար պարգևատրության են արժանացրել Աբու Դաբիում։ Դրան ոչ մեկ չի արձագանքում»։

Դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment