Կառավարությունը մտադիր է 250 մլն եվրոյի նոր վարկ վերցնել (PAN.am)

Հայաստանի կառավարությունը մտադիր է Զարգացման ֆրանսիական գործակալությունից ստանալ 250 միլիոն եվրոյի վարկային գիծ։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկվել է կառավարության հոկտեմբերի 1-ի նիստի օրակարգում։ Հայաստանին այս վարկի տրամադրումը ֆինանսավորվելու է նաև Ասիական զարգացման բանկի կողմից, հայտնում է «Ազատությունը»:

Վարկային ծրագրով նպատակ է դրվել ապահովել որակյալ և կայուն պետական ծախսերի ու ներդրումների իրականացումը, ինչպես նաև նվազեցնել Հայաստանի կախվածությունն արտաքին ֆինանսավորումից։

Ներգրավվող միջոցները նախատեսվում է հատկացնել 2026 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։ Ֆինանսների նախարարությունն իր հիմնավորման մեջ նշել է, որ «վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից»։

Կառավարությունն այս տարվա բյուջեի նախագծով նախատեսում է դեֆիցիտը ֆինանսավորելու համար ներգրավել 1․6 միլիարդի վարկեր։ Օգոստոսի սկզբին գործադիրը որոշում է ընդունել 320 միլիոն դոլարի վարկ ներգրավելու մասին։ Վարկատուներ են հանդիսացել Ասիական զարգացման բանկն ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը։ Սեպտեմբերի սկզբին կառավարությունը ևս 80 միլիոն եվրոյի վարկ է ներգրավել ՕՊԵԿ-ից, որի նպատակը նույնպես բյուջեի պակասուրդի ֆինանսավորումն է եղել։

Կառավարությունը դեռ պետք է որոշի՝ վարկի մարումն իրականացվելու է ֆիքսված, թե լողացող տոկոսադրույքով։ Լողացող տոկոսադրույքի տարբերակն ընտրելու դեպքում այն կկազմի տարեկան 5․1 տոկոս։ Վարկը տրամադրվելու է 20 տարի ժամկետով, որից 5 տարին նախատեսվել է որպես արտոնյալ ժամանակահատված։

Հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը գերազանցել է 13․9 միլիարդ դոլարը։ Դրանից մոտ 6․8 միլիարդ դոլարը կազմել է արտաքին պարտքը, իսկ մնացած մասը՝ ներքին պարտքը, որը ներգրավվել է տեղական ֆինանսական կառույցներից և կենսաթոշակային ֆոնդերից։

Leave a comment