ԱԲ-ն մտել է դեղերի ստեղծման լաբորատորիաներ․ Հովակիմ Զաքարյանը՝ նոր հնարավորությունների մասին

ԳԱԱ-ում մեկնարկել է «Արհեստական բանականությունը կենսաբժշկության, դեղագործության և նյութագիտության մեջ․ գենոմային տվյալներից մինչև նոր դեղամիջոցներ և նյութեր» խորագրով կլոր սեղանը։ Aravot.am-ը զրուցել է կլոր սեղանի մասնակիցներից կենսաբանական գիտությունների թեկնածու, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հովակիմ Զաքարյանի (լուսանկարում) հետ։

«Իմ զեկույցը նվիրված էր նրան, թե ինչպես ենք օգտագործում մեր կողմից սարքված ԱԲ գործիքները՝ լաբորատոր հետազոտությունների մեջ, որոնք նվիրված են հակավիրուսային նոր քիմիական միացություններ գտնելուն: Ես և՛ լաբորատորիայի ղեկավար եմ, և՛ միաժամանակ Denovo Sciences ընկերության համահիմնադիր, իսկ մեր ընկերությունը զբաղվում է այդպիսի գործիքներ ստեղծելով, որոնք նպաստում են մարդկանց հետազոտական աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելուն, մասնավորապես նոր պոտենցիալ դեղամիջոցներ փնտրելու աշխատանքներին: Դա է մեր թիրախը: Եվ բնականաբար, այն գործիքները, որոնք ստեղծում ենք, նաև փորձարկում և օգտագործում ենք լաբորատորիայում՝ հակավիրուսային հետազոտությունների համար»,-նշեց Հովակիմ Զաքարյանը։

Մեր հարցին՝ որքանո՞վ է արհեստական բանականության կիրառումը կրճատում դեղերի մշակման ժամանակը, ծախսերը, Զաքարյանն այսպես արձագանքեց. «Դեղերի մշակման, դեղամիջոցի ստեղծման ընդհանուր տևողությունը մինչև 10 տարի է տևում, որից մոտ 5 տարին հիմնականում լաբորատոր հետազոտություններն են, այդ թվում՝ կենդանական մոդելների վրա՝ կախված հիվանդության բնույթից, իսկ մյուս 5 տարին կլինիկական փորձարկումների փուլերն են, որոնց մասնակցում են մարդիկ, հիվանդները: ԱԲ-ի գործիքներն օգնում են բավականին արդյունավետ դարձնել հետազոտությունների առաջին 5 տարին, որոնք ավելի լաբորատոր փորձարկումների փուլն են իրենց մեջ ներառում: Կան դեպքեր, որ նույնիսկ հնարավոր է եղել մոտ 2 անգամ արագացնել պրոցեսը. եթե 5 տարի էր, դա անել 2 տարվա մեջ: Բայց այստեղ խնդիրը ոչ թե տևողության կրճատման մեջ է, այլ արդյունավետության: Որովհետև կարող է պրոցեսը դանդաղ լինել, արդյունավետությունը՝ ավելի բարձր:

Առանց ԱԲ-ի օգտագործման ընդհանրապես հաջողության հավանականությունը նոր դեղամիջոց ստեղծելու 10 տոկոս է: Ինչպես նշեցի, խնդիրն առաջին հերթին պրոցեսների արդյունավետության բարձրացումն է, և այդտեղ երկրորդական է դառնում ժամանակը, բայց եթե հնարավոր է լինում և արդյունավետությունը բարձրացնել, և ժամանակը կրճատել, դա միաժամանակ բերում է նաև ֆինանսական մեծ խնայողությունների, որովհետև նոր դեղ ստեղծելու պրոցեսն ինքնին շատ ծախսատար է»,-ասաց գիտնականը։

Մեր հարցին՝ ինչ են տալիս նման գիտաժողովները, շփումները մասնագետներին, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Նման հանդիպումները հնարավորություն են տալիս շփվել, նոր կարծիք իմանալ, հետևել նոր տենդենցներին, եթե լաբորատորիաները ներկայացնում են իրենց դեռևս չտպագրված արդյունքները: Շփվելով փորձում ենք նոր համագործակցություններ հաստատել, վերջիվերջո գիտությունը նաև համագործակցության մասին է, քանի որ հնարավոր չէ իզոլացված, միայնակ գիտություն անել»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment