Գործադիրը որոշել է հետաձգել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ու հարակից օրենքների նախագծերի քննարկումն Ազգային ժողովում։ Խոսքը լայն արձագանք ստացած նախաձեռնության մասին է, որով նախատեսվում է սմարթֆոնների IMEI կոդերի շտեմարանի ստեղծում։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է, որ մինչև երկու ամիս ժամանակ կունենան՝ քննարկման համար առավել պատրաստ նախագիծ ներկայացնելու նպատակով, հայտնում է Factor.am-ը:
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը բարձրացրել է նաև պատշաճ զեկուցողի հարցը։ Խմբակցության ներկայացուցիչների կարծիքով՝ նախագիծն Ազգային ժողովում պետք է ներկայացնի ոչ թե Դավիթ Թադևոսյանը, այլ ՊԵԿ նախագահը։
Կառավարությունը նախագիծն ընդունել է հունիսի 25-ին։ IMEI շտեմարանը բջջային ցանցում գործող սարքերի՝ հեռախոսների, ՍԻՄ քարտով պլանշետների, խելացի ժամացույցների և նմանատիպ այլ սարքերի նույնականացման կոդերի տվյալների բազա է։ IMEI -ը 15 նիշից բաղկացած եզակի համար է, որը տրամադրվում է յուրաքանչյուր բջջային հեռախոսին կամ բջջային կապի հնարավորություն ունեցող սարքին և հնարավորություն է տալիս նույնականացնել այն։
Օրենսդրական նախագծով նախատեսվում է շտեմարանում գրանցել ոչ միայն սարքերի IMEI կոդերը, այլև դրանց վերաբերող այլ տեղեկություններ, այդ թվում՝ սարքն օգտագործող անձի տվյալները։
Կառավարությունն իր հիմնավորման մեջ նշել է, որ Հայաստանում IMEI կոդերի վերահսկողության բացակայությունը մի շարք ռիսկեր է առաջացնում։ Մասնավորապես, խոսքը չմաքսազերծված, կեղծ կամ փոփոխված IMEI կոդերով բջջային հեռախոսների շրջանառության մասին է, ինչը, ըստ գործադիրի, հանգեցնում է հարկային կորուստների, շուկայում մրցակցության խաթարման, ինչպես նաև տեխնիկական և անվտանգության ռիսկերի ավելացման։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Մխիթար Հայրապետյանն ասել էր, որ համակարգը հնարավորություն կտա ֆիզիկական անձանց առցանց եղանակով գրանցել իրենց հեռախոսները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտել է, որ ընդունվել է քաղաքական որոշում՝ վերջ դնելու «բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանին»։
DpHub-ի անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյանի խոսքով՝ շտեմարանի ստեղծմանը վերաբերող օրենսդրական նախագիծն իրականում միայն թվերի հավաքագրում ու գրանցում չի ենթադրում, այլ նախատեսում է դրանք կապել նաև կոնկրետ անձի հետ։