Մարզումների մրցուղուց զրկված հայ մարզիկները 10–րդն էին կարտինգի միջազգային մրցաշարում

Բաժանորդագրվել

Մրցումներ անցկացնելու հնարավորություն չունենալով հանդերձ` հայ մարզիկները Հունաստանի միջազգային մրցաշարում 25 թիմերի մեջ զբաղեցրել են 10–րդ տեղը։

«Play City»–ի փակման պատճառով Ռեյսինգ կարտինգի (պրոֆեսիոնալ կամ սիրողական ավտոսպորտի տեսակ է, որտեղ մրցում են հատուկ փոքր մեքենաներով՝ կարտերով` խմբ) մեր մարզիկները զրկվել են Հայաստանում կարտինգի համար նախատեսված միակ մրցուղուց։ Իսկ օգոստոսին նրանք պիտի մասնակցեին Հունաստանում կայանալիք միջազգային մրցաշարին։ Ու առանց նախնական մարզումների հայ պիոլտները մեկնել են Հունաստան և մասնակցել մրցաշարին։

Միջազգային մրցաշարի արդյունքների մասին Sputnik Արմենիան զրուցել է Գորոյան Ռեյսինգ կարտինգի թիմի տնօրեն Գուրգեն Դալիբալթյանի ու պիլոտ Արիկ Եգանյանի հետ։

Նրանց խոսքով` մրցումներ անցկացնելու հնարավորությունից զրկվելով` հայ պիլոտները իհարկե հայտնվել են փակուղում, բայց մեկնել են մրցավայր ու 25 թիմերի միջև պայքարում զբաղեցրել 10–րդ տեղը։

Ամիսներ առաջ մեզ հետ զրույցում Գորոյան Ռեյսինգ կարտինգի թիմի տնօրեն Գուրգեն Դալիբալթյանն ասել էր, որ Ռեյսինգ կարտինգի` Հայաստանը ներկայացնող թիմը շատ մեծ հավակնություններ ունի Հունաստանում կայանալիք միջազգային մրցաշարում։ Թիմը պատրաստվում էր մեծ նվիրումով ու, մինչև «Play City»–ի փակվելը հույսեր կային Հունաստանից մեդալներով վերադառնալու։

Իսկ թե ո՞րտեղ են առաջիկայում մարզվելու կարտինգի հայ վարպետները, ու ի՞նչ մրցումներ կան առջևում, զրուցակիցները պատմել են այս հարցազրույցում։

«Play City»-ն Հայաստանում քարթինգի միակ մրցուղին է, մարզիկներն այն օգտագործում էին միջազգային մրցաշարերին նախապատրաստվելու համար։ Օբյեկտը փակվել և կապարակնքվել է հուլիսին, առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելու ենթադրյալ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված քննչական գործողություններից հետո։ Ընկերության տնօրենը կալանավորվել է։ Ընկերությունը կապում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ։

Leave a comment