Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Աղոթքի նախաճաշին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ամերիկացի գործիչներին։
Հյուրերի թվում էին ԱՄՆ Կոնգրեսի նախկին անդամ Ռենդի Հուլթգրենը, ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշի համակազմակերպիչ Ուես Անդերսոնը և «Spryng Energy» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Դեն Ալեքսանդրը: Նրանց ուղեկցել է Մայր Աթոռի բարերար տիար Աշոտ Թունյանը։
Հյուրերը Հայաստան են ժամանել հոկտեմբերի 2–3-ը Երևանում կայանալիք Աղոթքի նախաճաշին մասնակցելու նպատակով և այդ առիթով այցելել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ մոտիկից ծանոթանալու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու պատմությանն ու գործունեությանը։
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայոց եկեղեցու հոգեփրկչական և ազգապահպան առաքելությանը, ընդգծվել է նրա բացառիկ դերակատարությունը հայ ժողովրդի հոգևոր մշակույթի, ազգային ինքնության կերտման ու պահպանության գործում։
Զրուցակիցները կարևորել են անհատի և հասարակության կյանքում հավատքի ու հոգևոր արժեքների դերը, ինչպես նաև երիտասարդների և մատաղ սերնդի քրիստոնեական դաստիարակությունն ու եկեղեցական կյանքին նրանց գործուն մասնակցությունը՝ իբրև հասարակության բարոյական հիմքերի ամրապնդման և խաղաղ ապագայի կերտման գրավական։
Ակնկալվում է, որ նախորդ տարի կայացած անդրանիկ միջոցառումից հետո «Աղոթքի նախաճաշը» կխորացնի երկխոսությունը հավատքի և հանրային կյանքի հատման կետում: Համաժողովին Նիկոլ Փաշինյանը հանդես կգա հիմնական ելույթով, որին կհաջորդեն հոգևոր և քաղաքական առաջնորդների խորհրդածություններն ու աղոթքները։
Մինչ այդ հրապարակվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը: Որպես առաջին քայլ առաջարկվում է Բարենորոգման համակարգող խմբի ձևավորում՝ հոգևորականների և աշխարհականների մասնակցությամբ, և դրա կազմի ընդլայնման ընթացակարգի հրապարակում, որպես երկրորդ քայլ՝ ՀԱԵ «փաստացի պետի հեռացում»: